24 օգոստոս, 2017 13:40 Կատարը վերադարձնում է Իրանում իր դեսպանին Կատարը հայտարարել է, որ Թեհրան է վերադարձնում իր դեսպանին, որը ավելի քան 20 ամիս առաջ հետ էր կանչվել՝ ի նշան Իրանում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելությունների վրա հարաձկումների դեմ բողոքի։
Al Jazeeraն վկայակոչում է Կատարի ԱԳՆի այսօրվա հայտարարությունը, ըստ որի՝ Իրանում երկրի դեսպանը վերստանձնում է իր լիազորությունները, քանի որ Դոհան ցանկանում է ամրապնդել կապերը Իրանի հետ բոլոր ոլորտներում։
 
Դեսպանի վերադարձի ժամկետը չի հստակեցվում։
Կատարի և Իրանի հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենում Դոհայի և մի շարք արաբական երկրների միջև ճգնաժամի պայմաններում, որոնց թվում՝ Սաուդյան Արաբիան է, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսը։ Նրանք Կատարին մեղադրում են ահաբեկչությունը հովանավորելում մյուս երկրների գործերին միջամտելու մեջ, ինչը Կատարը հերքում է։
Ծոցի ճգնաժամի մասին ավելին՝ Արաբական երկրները 13 պահանջ են ներկայացրել Կատարին։
 
Լուսանկարում՝ Կատարի և Իրանի ԱԳ նախարարներ Խալիդ բին Մուհամեդն ու Ջավադ Զարիֆը
 
 
23 օգոստոս, 2017 14:39 Նեթանյահուն Սոչիում Պուտինին հիշեցրել է «իրանական սպառնալիքի» մասին Այսօր Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումը։ Ինչպես հաղորդում է ռուսաստանյան TASS գործակալությունը, Նեթանյահուն հայտարարել է, որ «Իրանի դիրքերի ամրապնդումը Սիրիայում սպառնալիք է Իսրայելի և ամբողջ աշխարհի համար»։

Նեթանյահուի խոսքով՝ Իրանը «հսկայական ջանքեր է գործադրում Սիրիայում իր ներկայությունն ամրապնդելու համար»։

«Իրաքում և Եմենում Իրանի վերահսկողության մակարդակը շատ բարձր է, գործնականում վերահսկողության տակ է գտնվում նաև Լիբանանը»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Նա կարևորել է համատեղ ջանքերը Իսլամական պետություն (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ։

«Բացասական կողմն այն է, որ որտեղ հաղթում ենք ԻՊ-ին և արմատախիլ անում ահաբեկչությունը, այնտեղ մտնում է Իրանը»,- հայտարարել է Բենյամին Նեթանյահուն՝ Թեհրանին մեղադրելով «ահաբեկչական խմբավորումներին զինելու» մեջ։
22 օգոստոս, 2017 12:41 Թուրքիայի և Իրանի ժամանակավոր ընկերությունը՝ ընդդեմ «ընդհանուր գլխացավանքի» Օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «օրակարգում է Իրանի հետ համատեղ օպերացիան Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ»։ Էրդողանի այս հայտարարությունը հետևում է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի՝ Անկարա կատարած այցին, որը վերլուծաբաններն անվանում են «աննախադեպ»։ Այցի նախաշեմին Բաղերին ասել է, որ Իրանն ու Թուրքիան միակարծիք են Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի հարցում։ Բաղերիի խոսքով՝ և՛ Թուրքիան, և՛ Իրանը համաձայն են, որ եթե անկախության հանրաքվեն տեղի ունենա, այն «նոր լարվածության և հակամարտությունների պատճառ կդառնա Իրաքի ներսում, ինչն էլ իր հերթին իր արձագանքը կունենա հարևան պետություններում»։ Գեներալը շեշտել է, որ իր այցը Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին այցն է Թուրքիա 1979թ․ Իսլամական հեղափոխությունից ի վեր։ 21 օգոստոս, 2017 12:29 Անկարան հայտարարում է ԵՏՄ-ի հետ համաձայնագիր կնքելու ցանկության մասին, Երևանը դա «զավեշտալի» է համարում «Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: 18 օգոստոս, 2017 14:57 Էդմոն Մարուքյանը դիմել է գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու Թաթուլ Հակոբյանի հոդվածի հիման վրա ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որով տեղեկացրել է՝ օրերս ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի «Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված» վերտառությամբ հոդվածի առթիվ գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել։

«Այսօր առավոտյան գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել լրագրող-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի՝ օգոստոսի 17-ին «Սիվիլնեթ» համացանցային լրատվամիջոցում հրապարակած «Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված» վերտառությամբ հոդվածի առթիվ, որում մասնավորապես նկարագրվում է, որ «40 կիլոմետրանոց երկաթգծից ոչինչ չի մնացել» և որ «երկաթյա ռելսերը և ինժեներական ամբողջ համակարգն ուղղակի գոյություն չունեն»։
Սպասենք արձագանքի ․․․»,- նշում է Մարուքյանը։
18 օգոստոս, 2017 13:38 Հայաստանի և Իրանի ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցությունն ամրագրվեց հուշագրով Ինչպես նշում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը, ի թիվս այս նպատակների՝ հուշագրի համաձայն՝ կհաստատվեն կապեր «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև գոտիները կառավարող մարմինների և պետական գերտեսչությունների միջև։

Նախատեսվում է գործուն աջակցություն երկկողմ և բազմակողմ գործարար միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպմանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում։ Հատուկ աշխատանքային խումբը ընդլայնված կազմով կզբաղվի ազատ տնտեսական գոտիների գործակցության հարցերով, կմշակի համագործակցության ճանապարհային քարտեզը։
17 օգոստոս, 2017 11:50 Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված ՍիվիլՆեթը սեպտեմբերի 21-ի նախաշեմին պատրաստում է ֆիլմ, որը կրում է «Փշալարից այս կողմ․ Հայաստան-Իրան հարաբերությունները» պայմանական վերնագիրը։

Հերթական անգամ անցա Արաքս գետի երկայնքով՝ Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև այն կետը, որտեղ վերջանում է Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն պետական և միջազգայնորեն ճանաչված սահմանը՝ մոտ 40 կիլոմետր, ապա սկսվում է Արցախ-Իրան ավելի քան 100-կիլոմետրանոց և միջազգայնորեն չճանաչված հատվածը։

Ես, անշուշտ, առաջին անգամ չէի անցնում այդ սահմանի՝ Արաքս գետի երկայնքով և առաջին անգամ չէ, որ տեսնում էի թալանված երկաթգիծը։

Այս անգամ առավել ուշադիր հետևեցի և տեսա, որ 40-կիլոմետրանոց երկաթգծից ոչինչ չի մնացել։ Երկաթյա ռելսերը և ինժեներական ամբողջ համակարգը ուղղակի գոյություն չունեն։

Երևան-Բաքու երկաթգծի Մեղրու՝ մերձարաքսյա հատվածը կառուցվել է 1930-ականների վերջերին -1940-ականների սկզբին։
7 օգոստոս, 2017 12:40 Ինչ ուղերձ հղեց Ռոհանին աշխարհին և հարևաններին 2013թ., երբ Հասան Ռոհանին առաջին անգամ նախագահ դարձավ, նա ուսուցիչ ուներ՝ ի դեմս երկու ժամկետ նախագահած Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի: Այդ ժամանակ Ռոհանիի մրցակիցներն ակնարկում էին, որ իրական նախագահը կլինի Ռաֆսանջանին՝ չնայած դիվանագիտության և անվտանգության հարցերում, խորհրդարանում և բարձրաստիճան հոգևորականի դիրքում Ռոհանիի ունեցած անզուգական փորձին:

Այժմ, երբ Ռաֆսանջանին մահացել է, Ռոհանին սկսում է նախագահության երկրորդ ժամկետը և կարծես պատրաստ է նոր գլուխ սկսել, որը կարող է տարբերվել նախորդից՝ հաշվի առնելով իր առաջին ժամկետում ունեցած նվաճումները, ձախողումները և փոփոխությունները, այդ թվում՝ աշխարհի տերությունների հետ Միջուկային գործարքը և Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ում նախագահ ընտրվելը, որն իր մտահոգությունն է հայտնել գործարքի վերաբերյալ:
6 օգոստոս, 2017 14:44 Թեհրանում տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Ռոհանիի հետ:

Հանդիպման սկզբում Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և երդմնակալության արարողությանը մասնակցելու համար` ընդգծելով, որ Իրանը բարձր է գնահատում իր լավ հարևան Հայաստանի նախագահի ներկայությունը արարողությանը: Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահի այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը` հաշվի առնելով նաև հայ-իրանական պատմամշակութային ընդհանրությունները:
5 օգոստոս, 2017 13:21 Մոգերինին կմասնակցի Ռոհանիի երդմնակալության արարողությանը Երդմնակալությանը, ըստ իրանական Irna գործակալության, մասնակցելու է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ 3 օգոստոս, 2017 16:14 Հիմնադրվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերություն Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» (ԱՏԳ) փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին և ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: 1 օգոստոս, 2017 17:06 Ամեն կերպ նպաստելու ենք Իրան-ԵԱՏՄ համագործակցությանը․ Սերժ Սարգսյանի զրույցը իրանական թերթին - Մենք կարևորում ենք մեր երկրների միջև ելքի և մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, ինչն իր դրական ազդեցությունն ունի գործարար կապերի ընդլայնման, տնտեսական և ներդրումային ոլորտի, ինչպես նաև զբոսաշրջության խթանման վրա: Ինչպես մի առիթով նշել է իմ գործընկեր հարգարժան պարոն Հասան Ռոհանին, այսօր պատնեշների փոխարեն պետք է կամուրջներ կառուցել: Իմ կարծիքով՝ մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման վերաբերյալ որոշումը մեր ժողովուրդների միջև բարեկամության նոր կամուրջ է: Մեր դիտարկումներով՝ մուտքի արտոնագրերի պահանջի վերացումից հետո գրանցվել է իրանցի զբոսաշրջիկների շեշտակի աճ: Այսօր շուկայում արդեն ձևավորվում են իրանցի այցելուների մշակութային նախասիրություններին համապատասխան զբոսաշրջային ծառայություններ: Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում մեր երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ: Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում լրացուցիչ և ավելի հարմարավետ ենթակառուցվածքների ստեղծման, սպասարկման որակի բարձրացման, մեր հարուստ պատմամշակութային ժառանգության ներկայացման,