8 հունվար, 2020 17:08 Ինչ է կատարվում Իրանում․ հայացք ներսից Հունվարի 3-ին Բաղդադում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները գերլարված են։ Թեհրանում խոսո՞ւմ են լայնամասշտաբ պատերազմի մասին, ի՞նչ վերաբերմունք ունի այս ամենի հանդեպ հայկական համայնքը, արդյոք Հայաստանի ուղերձները հասնո՞ւմ են Իրան, արդյոք հաջողվո՞ւմ է դիմագրավել հակահայկական քարոզչությանը տեղեկատվական դաշտում․ այս հարցերի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ։
8 հունվար, 2020 15:46 Կարող է գալ պահ, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը Ադրբեջանից աջակցություն պահանջեն Իրանի դեմ․ Ֆյոդոր Լուկյանով Մերձավորարևելյան ռազմական էսկալացիայի նոր ալիքը կարող է տարածվել մի քանի ուղղություններով: «Նախ կարող է վտանգվել Սիրիան և այնտեղ պահպանվող հարաբերական կայությունը: Ռուսաստանն ամեն բան անում է, որ դա թույլ չտա: Իրանն այդ գործընթացի հիմնական մասնակիցներից է: Ռուսաստանը փորձելու է Սիրիան հեռու պահել ԱՄՆ-Իրան դիմակայությունից: Չի բացառվում, որ այդ նպատակով Ռուսաստանը աշխատանքներ տանի նաև ԱՄՆ-ի հետ»,- նշում է Լուկյանովը:

8 հունվար, 2020 13:32 Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է․ Նիկոլ Փաշինյան «Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ, եւ մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,- գրել է Փաշինյանը:

8 հունվար, 2020 13:04 Իրան-ԱՄՆ դիմակայության հարցում Հայաստանը պետք է կատարյալ չեզոք լինի․ Արմեն Վարդանյան Իրան-ԱՄՆ տասնամյակների դիմակայությունը մտնում է նոր փուլ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը թեմայի շուրջ զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանի հետ։ Վարդանյանը կարծում է, որ այս դիմակայության հարցում Հայաստանը պետք է կատարյալ չեզոքություն պահի։ 8 հունվար, 2020 12:59 Իրանը հրթիռակոծել է Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման բազաները Իրանը հրթիռակոծել է Իրաքի ռազմաբազաները, որոնցում տեղակայված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ուժերը: Թեհրանը հայտարարել է, որ հռթիռակոծությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության վրեժն է:

Պենտագոնի գլխավոր ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ Այն Ասադի և Էրբիլի բազաների ուղղությամբ արձակվել է ավելի քան մեկ տասնյակ հրթիռ:

Այս առիթով Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գրել է Թվիթերում, որ հրթիռակոծությունը «ինքնապաշտպանական համաչափ գործություն է՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված»: Ըստ նրա՝ թիրախում էր այն բազան, որից իրականացվել է Իրանի քաղաքացիների ու բարձրաստիճան պաշտոնյաների դեմ «ճղճիմ զինված հարձակումը»:

8 հունվար, 2020 10:03 Իրանում Ուկրաինական ավիաուղիներին պատկանող Boeing 737 ինքնաթիռ է կործանվել Ուկրաինական ավիաուղիներին պատկանող Boeing 737 ինքնաթիռը կործանվել է մայրաքաղաք Թեհրանից թռիչքից հետո: Ըստ տարբեր աղբյուրների՝ ինքնաթիռում եղել է 169-180 մարդ:

Իրանական Press TV-ն հաղորդում է, հղում անելով Իմամ Խոմեյնի միջազգային օդանավակայանի ներկայացուցչին, որ ինքնաթիռը բռնկվել է ընկնելուց հետո: Ըստ նախնական վարկածի՝ ավիավթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով:
6 հունվար, 2020 14:38 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակման հարցը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (Դեմոկրատական կուսակցություն) հայտարարել է, որ օրենսդիրներն այս շաբաթ քվեարկության կդնեն մի բանաձև, որով կսահմանափակվեն նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում: Հայտարարությունը հրապարակված է խոսնակի կայքում: 6 հունվար, 2020 01:05 Թրամփը խոստանում է անհամաչափ պատասխանել Իրանի հնարավոր հարվածներին «Այս գրառումները ծառայում են որպես ծանուցում ԱՄՆ Կոնգրեսին, որ եթե Իրանը հարված հասցնի որևէ ամերիկացու կամ ամերիկյան թիրախի, ԱՄՆ-ը արագ և ամբողջապես հետ կհարվածի, և հնարավոր է՝ անհամաչափ: Իրավական նման ծանուցում չի պահանջվում, բայցևայնպես տրված է»։ 6 հունվար, 2020 00:51 Իրանը հայտարարել է միջուկային գործարքի պարտավորությունների նոր կրճատման մասին Իրանը հայտարարել է, որ այլևս իրեն պարտավորված չի համարում լիովին հավատարիմ մնալու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին՝ 2015-ին համաշխարհային տերությունների հետ կնքված գործարքին: Սա միջուկային գործարքի պարտավորությունների հերթական կրճատումն է։ Իրանի կառավարության հայտարարությունն ընթերցվել է իրանական հեռուստատեսության եթերում, հաղորդում է Reuters-ը։

5 հունվար, 2020 23:14 Իրաքի խորհրդարանը քվեարկեց երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերման օգտին Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիայի հետ համաձայնագրի դադարեցմանը և երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը, հաղորդում է Reuters-ը:

Հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանի հատուկ նիստին մասնակցել է 170 պատգամավոր` 329-ից։ Սուննիական և քրդական խմբակցությունները բոյկոտել են նիստը, քանի որ օտարերկրյա ներկայության հարցում նրանց դիրքորոշումները տարբերվում են շիաների դիրքորոշումից:
5 հունվար, 2020 14:38 Իրանը բարեկամ երկիր է, ԱՄՆ-ը ևս բարեկամ երկիր է․ Նիկոլ Փաշինյան «Մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ համապատասխան կառույցներին հանձնարարականներ են տրվել հետևելու իրավիճակին և «մատը զարկերակի վրա պահելու»:
5 հունվար, 2020 14:25 Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ԱԳ նախարարները քննարկեցին վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ԱԳ նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնեց Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափումը: