Կապսի ջրամբարի վարկերը. փաստեր և հայտարարություններ

Մարիա Խաչատրյան, #CivilNetCheck
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Կապսի ջրամբարի կասեցված ծրագրին։ Հարցին՝ արդյոք այդ ծրագրով առկա են վարկեր, որոնք մարվում են, նախարարը պատասխանել է, թե ջրամբարի կառուցման աշխատանքների համար կառավարությունը պարտք չի վերցրել։
«Քանի որ սա վարկային ծրագիր է, եթե աշխատանք չի արվել, վճարում չի արվել, ապա պարտք էլ չի վերցվել։ Սրանք այնպիսի ծրագրեր են, որ հատկացումների ժամանակ է պարտքն առաջանում»,- նշել է նախարարը՝ միաժամանակ ընդգծելով, որ ծրագիրն անմիջականորեն իրենց գործառառույթին չի վերաբերում։
Կասեցված շինարարություն և ծախսված գումարներ
2025-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզում Կապսի ջրամբարի շինաշխատանքները դադարեցվել են։ Պատճառաբանվեց, որ կապալառուն չի կատարել պայմանագրային պարտավորությունները և ընկերության հետ պայմանագիրը խզվել է։ Կապսի ջրամբարի կառուցումը գործող կառավարության խոստումներից էր։ Դրա կառուցումը նախատեսվում էր ավարտին հասցնել 2026 թվականին։ Շինարարությունն իրականացնող չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ»-ի (Shanxi Construction Investment Group) աշխատակիցները հեռացել են Հայաստանից։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի շրջանակում (շինարարություն, նախագծում, տեխհսկողություն և խորհրդատվական ծառայություններ) մինչ օրս ծախսվել է շուրջ 26,8 մլն եվրո, որից 23,6 մլն եվրոն՝ վարկային միջոցներից, իսկ 3,2 մլն եվրոն՝ կառավարության համաֆինանսավորումից։
Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ կապալառուի հետ պայմանագրով նախատեսված շինաշխատանքների շուրջ 14,5%-ն է իրականացվել։
Կատարված աշխատանքների մանրամասները պարզելու համար #CivilNetCheck-ը հարցմամբ դիմել է ՏԿԵ նախարարությանը։ Նախարարության փոխանցմամբ՝ չինական Shanxi Construction Investment Group (SCIG) ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակում շինարարության համար ընդհանուր ծախսվել է 17,1 մլն եվրո, որից 16,2 մլն եվրոն՝ վարկային միջոցներից։ Այդ գումարից ավելի քան 12,4 մլն եվրոն կապալառուին վճարվել է որպես կանխավճար։
Մնացած 3,8 մլն եվրոյի շրջանակում իրականացվել են Ախուրյան գետի հունի տեղափոխման հիմնական շինարարական և ինժեներական աշխատանքները, տեղադրվել են ջրահեռացման համակարգեր, հիդրոմեխանիկական սարքավորումներ, իրականացվել ամրակայման աշխատանքներ, ինչպես նաև տեղադրվել են վաղ ազդարարման համակարգի 28 շչակներ։
1,3 մլն եվրո՝ երկարաձգված ժամկետի համար
Նախարարը լրագրողների հետ զրույցում նաև նշել էր, որ որոշ դեպքերում վարկային միջոցների չօգտագործման պատճառով կարող են առաջանալ պարտավճարներ, սակայն այս ծրագրի դեպքում, նրա գնահատմամբ, նման պարտավորություն չկա։
Կապսի ջրամբարի կառուցման ծրագիրն ունի տասնամյակների պատմություն։ Դրա իրականացման համար 2014 և 2017 թվականներին կառավարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են համապատասխանաբար 50 մլն եվրո և 18,5 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրեր։ Այդ վարկային միջոցների օգտագործման համար բանկը սահմանում է վերջնաժամկետներ։
Օրինակ՝ 2014թ․ կնքված համաձայնագրով վարկային միջոցների հասանելիության վերջնաժամկետը սահմանված է եղել 2019թ․, սակայն ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի, ինչպես նաև հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանի մշակման ու հաստատման աշխատանքները նախատեսվածից ավելի երկար են տևել։ Արդյունքում կառավարությունը դիմել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ վարկային միջոցների հասանելիության ժամկետները երկարաձգելու համար, որի համար վճարել է 1,3 մլն եվրո փոխհատուցում։
Այս երկարաձգումից բացի, վարկային միջոցների հասանելիության ժամկետները մի քանի անգամ ևս երկարաձգվել են, սակայն դրանց դեպքում փոխհատուցման վճարներ չեն կիրառվել։ Այս պահի դրությամբ վարկային միջոցների հասանելիության ժամկետները սահմանված են մինչև 2026թ․դեկտեմբերի 30-ը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով շինարարության կասեցված վիճակը և նոր կապալառուի ընտրության անորոշ ժամկետները, պարզ չէ՝ ինչպես և ինչ պայմաններով կօգտագործվեն վարկային միջոցները սահմանված վերջնաժամկետների շրջանակում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025-ի դեկտեմբերին վստահեցրել է, որ Շիրակի մարզի Կապսի ջրամբարը կկառուցվի։ «Մենք մեր խոստումը այսպես թե այնպես կկատարենք ու կունենանք Կապսի ջրամբարը, ինչպես ունեցանք Վեդիի ջրամբարը»,- ընդգծել էր վարչապետը։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով շինարարության կասեցված վիճակը և նոր կապալառուի ընտրության անորոշ ժամկետները, պարզ չէ՝ ինչպես և ինչ պայմաններով կօգտագործվեն վարկային միջոցները սահմանված վերջնաժամկետների շրջանակում։
Փաստերի ստուգում
CivilNetCheck










