Հայկ Ղազարյան
Հայաստանի գլխավոր դատախազությունը անցած տարվա հուլիսին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի Արաբկիր համայնքի Ն. Զարյան 17Ա հասցեում շենքի նկատմամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» (ԼՂՀ) կառավարության սեփականության իրավունքը։
Միջնորդության մեջ նշվում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը 2025-ի հունիսի 9-ին դատախազությանը տեղեկություններ է տրամադրել նշված շենքի ձեռքբերման իրավական հիմքերի վերաբերյալ։ Եվ այդ ուսումնասիրության արդյունքում դատախազությունը վիճարկում է դեռ 2007-ի կատարված պետական գրանցումը, և, որպես հետևանք՝ նաև անվավեր ճանաչել 2017-ի կատարված իրավունքների պետական գրանցումները։

Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ Նաիրի Զարյան 17/2 հասցեի շինությունները 2017-ից սեփականության իրավունքով պատկանում են Լեռնային Ղարաբաղի կառավարությանը, իսկ հողամասը՝ անհատույց օգտագործման իրավունքով։ Արցախի ներկայացուցչության շենքի տարածքը 466,89 քմ է, իսկ հողամասը տարածքը՝ 1,222 քմ։
Դատարանը մերժել է «Արցախի Հանրապետության» ներգրավումը, փոխարենը ներգրավել է «Ֆիդես հիփոթեքային ընկերությանը»
Դատարանը մի քանի անգամ մերժել է «Արցախի Հանրապետությանը» կամ «ԼՂՀ կառավարությանը» որպես երրորդ անձ ներգրավելու միջնորդությունները։ Դատարանը պատճառաբանել է, որ ներկայացված դիմումները չեն պարունակել դիմող սուբյեկտին նույնականացնող հստակ տվյալներ և չեն ներկայացվել ԼՂՀ կառավարության անունից հանդես գալու լիազորությունները հավաստող պատշաճ ապացույցներ։
Դատարանը գործում որպես երրորդ անձ է ներգրավել Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ստեղված «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» վարկային կազմակերպությանը, քանի որ դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել նաև այդ ընկերության անվամբ գրանցված 33.2 քմ մակերեսով շինության անհատույց օգտագործման իրավունքը։ Այդ շինությունը ևս Արցախի ներկայացուցչության տարածքում է։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ այս գործը քննվում է գրավոր ընթացակարգով, դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2026-ի մայիսի 22-ը։
Civilnet











