Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունում պարզել են, որ տեղական հրուշակագործության հիմնական խոչընդոտը կակաոյի փոշու 10% մաքսատուրքն է։ Հայաստանյան արտադրողներին պաշտպանելու պատրվակով ու հանրապետական պատգամավորների առաջարկով կառավարությունում որոշել են օժանդակել կակաոյի մածուկ, կակաոյի յուղ և կակաոյի փոշի ներկրողներին։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Մարտին Սարգսյանը, Կարինե Աճեմյանը, Արայիկ Հովհաննիսյանը և Ռուբեն Սադոյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում են կակաոյի մածուկի, կակաոյի յուղի ու կակաոյի փոշու ներմուծումը ազատել մաքսատուրքից։
Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու պատգամավորների առաջարկը կառավարությունում չեն մերժել, թեև համոզիչ էլ չեն հիմնավորել 0% մաքսատուրք սահմանելու անհրաժեշտությունը։ Չի բացառվում, որ փոփոխությունն իրականում ուղղված է այդ հումքատեսակները ներկրողներին աջակցելուն։
Օրենսդրական փոփոխության հիմնավորումում նշվում է, որ ներկայում, բացառությամբ հատիկավոր, ամբողջական կամ կոտորակված, հում կամ բոված կակաոյի, մյուս հումքատեսակների վրա սահմանված է 10% մաքսատուրք։ «Հրուշակեղենի արտադրության մեջ օգտագործվում են նաև կակաոյի այլ հումքատեսակներ, և դրանց ներմուծման ժամանակ 10% մաքսատուրք վճարելու դեպքում այդ հումքատեսակներից պատրաստված արտադրանքը գնային առումով մրցունակ չի լինում ինչպես ներքին շուկայում արտադրված, այնպես էլ ներմուծված պատրաստի արտադրանքի համեմատությամբ։ Բացի այդ՝ տեղական արտադրողները ստիպված են լինում իրենց արտադրություններում օգտագործել կակաոյի հումքին փոխարինող հումքատեսակներ, ինչն էլ էականորեն իջեցնում է պատրաստի արտադրանքի որակը՝ խորացնելով մրցունակության բնագավառում առկա բևեռվածությունը»,– նշված է հիմնավորումում։
Հաշվարկվել է, որ զրոյական մաքսատուրքը որոշակի դրական հետևանքներ կունենա. մասնավորապես՝ լուրջ մրցակցություն կառաջանա հրուշակեղենի արտադրության ոլորտում տեղական արտադրողների միջև, կընդլայնվեն տեղական արտադրության ծավալները։ Ըստ նախնական գնահատականների՝ մեկ տարվա ընթացքում ոլորտում արտադրության ծավալները կաճեն 4,5 հազ. տոննայով, որի 2,5 հազ. տոննան կփոխարինի ներմուծմանը, կստեղծվեն 600-700 նոր աշխատատեղեր՝ Դ70-80 հազ. միջին աշխատավարձով (առանց հարկերի)։ Կանխատեսվում է, որ տարեկան գանձվող միջին հաշվով Դ57 մլն մաքսատուրքի փոխարեն պետբյուջեի մուտքերը կավելանան մոտ Դ194 մլն-ով։
Ըստ ՀՀԿ պատգամավորների և կառավարության նախաձեռնության տրամաբանության՝ հրուշակեղենի տեղական արտադրության հիմնական խոչընդոտը 10% մաքսատուրքն է և ոչ, օրինակ, անազնիվ մրցակցությունը, այն դեպքում, երբ ռուսական և ուկրաինական մի շարք հայտնի ապրանքանիշների կոնֆետների ներկրումը Հայաստան իրականացնում է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված «Մեգա ֆուդ» ընկերությունը։
Կակաոյի մածուկը, կակաոյի յուղը և կակաոյի փոշին զրոյական մաքսատուրքով հարկելը առաջին հերթին բխում է մի քանի խոշոր ներմուծողների շահերից։ «Սփյուռ» գործարար տեղեկատուում նշված է հինգ կազմակերպություն, որոնք Հայաստանում զբաղվում են կակաոյի մածուկի, կակաոյի յուղի և կակաոյի փոշու ներկրմամբ և իրացմամբ՝ «Նյու ֆարս», «Մառանիկ», «Սանգա Եստ», «Բլուր», «Մարսերալ»։