«Եկամտային հարկի մասին» օրենքում կառավարությունը մոռացել էր գաղտնիության մասին

2010թ. վերջին ընդունված «Եկամտային հարկի մասին» օրենքն ուժի մեջ մտավ այս տարվա հունվարի 1-ին։ Եվս երկու ամիս անց կառավարությունում պարզեցին, որ այն ոչ միայն ավելացնում է մի շարք տնտեսավարողների հարկային բեռը, այլև գաղտնազերծում սահմանափակ կիրառության ենթակա (գաղտնի) տեղեկատվություն։

Կառավարությունը փետրվարի 28-ի նիստին քննարկելու է ֆինանսների նախարարության կողմից մշակված «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։ Փոփոխությունները նպատակ ունեն լուծել խնդիրներ, որոնք կապված են զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց եկամտահարկի անձնավորված հաշվառման համակարգի շրջանակներում տեղեկատվության տրամադրման ու փոխանակության գործընթացների հետ։ Պարզ ասած՝ օրենքի պահանջով զինծառայողներին եկամտային հարկի անձնավորված ընդհանուր համակարգում ներառելը հանգեցնում է սահմանափակ կիրառության ենթակա (գաղտնի) տեղեկատվության գաղտնազերծմանը։

Անհասկանալի է միայն, թե երբ կառավարությունը Ազգային ժողով էր ներկայացնում զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց եկամտային հարկի դաշտ բերելու օրենսդրական նախաձեռնությունը, մի՞թե չէր գիտակցում, որ առաջանալու է Ազգային անվտանգության ծառայության և պաշտպանության նախարարության գաղտնի գործակալների գաղտնազերծման խնդիրը։

Արդյունքում, գաղտնիությունն ապահովելու պահանջից ելնելով, այդ անձանց հաշվետվությունները չեն ներկայացվելու այնքան ժամանակ, քանի դեռ ԱԺ-ն չի ընդունել օրենսդրական փոփոխությունները, կամ կառավարությունը հատուկ կարգ չի սահմանել։ Մյուս կողմից՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով հայտարարագիրը, հաշվարկը, օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի (?1000) տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։

Խոսքը թեև գաղտնի գործակալների մասին է, սակայն Պետեկամուտների կոմիտեն պարտավոր է լինելու պահպանել օրենքի տառը և տուգանել գործատուին, այս դեպքում՝ պաշտպանության նախարարությանը և Ազգային անվտանգության ծառայությանը։

Մյուս խնդիրը, որը կառավարությունը ցանկանում է լուծել օրենսդրական փոփոխություններով, առանձին տնտեսավարողներին հարկային բեռից ազատելն է։ Հայաստանում առկա են գործառուներ, որոնք օրենսդրությամբ և միջազգային իրավական ակտերի համաձայն ազատված են գործատուի հաշվին պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորությունից։ Բայց «Եկամտային հարկի մասին» օրենքը պարտադրում է գործատուներին 2013թ. հունվարի 1-ից վերահաշվարկել իրենց վարձու աշխատողների անվանական աշխատավարձերը, իսկ օրենքի նշյալ պահանջը չկատարելու համար նախատեսում է պատասխանատվության միջոցի կիրառություն։ Խնդիրն այն է, որ անվանական աշխատավարձերի վերահաշվարկման օրենսդրական այս պահանջի կատարումը լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացնում այն գործատուների համար, որոնք ազատված են պարտադիր սոցվճարներից։

Եթե հաշվի առնենք նաև այն, որ ՊԵԿ-ի և Ոստիկանության բնակչության պետական ռեգիստրի համակարգերի տեխնիկական լուծումների անհամատեղելիության հետևանքով հարկատուները մինչև օրենքով սահմանված ժամկետը (փետրվարի 20-ը) չէին կարողանում ներկայացնել էլեկտրոնային հաշվետվություններ, իսկ կառավարությունը ստիպված էր ՊԵԿ-ին հանձնարարել չկիրառել տուգանքներ, ապա ստացվում է, որ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի կարևորագույն օրենքներից մեկը բավական անկատար է։ Սա արդեն որոշակի զգուշավորություն է առաջացնում 2014թ. ներդրվելիք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ։

Մեկնաբանել