Փետրվարին Հայաստանում հայտնաբերվել է «խոզի գրիպի» 64 դեպք

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` գրեթե 1,4 անգամ (2013թ. փետրվարի 11-17-ին 3579, 18-24-ին` 5033 դեպք): Վերջինս պայմանավորված է առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ և գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ, հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից:

Սուր շնչառական վարակների առումով աճ է գրանցվել նաև շտապ օգնության կանչերի ուղղությամբ: Ինչ վերաբերում է թոքաբորբերին, ապա վերջին 2 օրվա ընթացքում շտապ օգնության կանչեր չեն գրանցվել, որը ևս վկայում է բարդություններով դեպքերի նվազման մասին:

Հանրապետության մարզերի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունուններում ներկայումս բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 152, թոքաբորբերի թեթև ձևերով` 46 հիվանդ, իսկ Երևանում` 300 հիվանդ սուր շնչառական վարակներով և 109 հիվանդ` թոքաբորբի թեթև ձևերով: Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով և ուշ դիմելիությամբ:

2013թ. փետրվարին հանրապետությունում կազմակերպվել և իրականացվել է շուրջ 210 լաբորատոր վիրուսաբանական հետազոտություն, որից 64 նմուշում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը («խոզի գրիպ»), իսկ 21 նմուշում` Բ տեսակը: Մնացած նմուշներում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից լաբորատոր հետազոտություններ իրականացվել են ինչպես ամբուլատոր (թեթև ընթացքով), այնպես էլ ստացիոնար (միջին ծանրությամբ) բուժում ստացող հիվանդների շրջանում: Դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակն արձանագրվել է թե՛ թեթև և թե՛ ծանր հիվանդների շրջանում։ Նույն կերպ գրիպի Բ տեսակն արձանագրվել է թեթև և ծանր հիվանդների շրջանում: Սա վկայում է այն մասին, որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի, ցանկացած ենթատեսակի ժամանակ հատկապես խոցելի անձանց շրջանում` քրոնիկ հիվանդություններ` սիրտ-թոքային անբավարարություն, երիկամային հիվանդություն, շաքարային դիաբետ, ասթմա, ինչպես նաև տարեցներ, երեխաներ, հղի կանայք:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունունները (պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ) ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք բժշկի ցուցման դեպքում անվճար տրամադրվում են բնակչությանը։ Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում նաև դպրոցներում, մանկապարտեզներում, որտեղ պարզաբանվում են բացակայությունների պատճառները։

Համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով գրիպի սեզոնայնությունը և վերջինիս փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը`

• Գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, ԲՈՒՀ,

• Չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կամզակերպելով բժշկի այցը տուն,

• Չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ,

• Չմասնակցել միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացման ու տարածման,

• Պահպանել 2 մ հեռավորություն, եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ,

• Պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը,

• Խստորեն հետևել անձնական հիգիենային, չհամբուրվել և չգրկախառնվել,

• Հագնվել եղանակին համահունչ,

• Հաճախակի օդափոխել փակ տարածքները:

Մեկնաբանել