Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է նախապատրաստել Երևանի ոսկերչական գործարանի մասնավորեցման գործընթացը: Այսօր կառավարության նիստին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ներկայացնելով Երևանի ոսկերչական գործարանի կանոնադրական կապիտալի նվազեցման որոշումը, պատասխանեց վարչապետի հարցին, թե ինչու գործարանը չի մասնավորեցվում: Նախարարը նշեց, որ գործարանը ներգրավված է սեփականաշնորհման գործընթացում և ներառված մասնավորեցման ծրագրում:
Տիգրան Սարգսյանը Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարեց գործարանում համալիր ստուգումներ իրականացնել, որպեսզի հնարավոր լինի որոշել նրա արդյունավետ գինը: Վարչապետը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին կոչ արեց քննարկել գործարանի մասնավորեցման հարցը Կենտրոնական բանկի հետ և հստակեցնել, թե արդյոք հնարավոր է իրականացնել գործարանի վաճառքը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով:
Երևանի ոսկերչական գործարանը բաց բաժնետիրական ընկերություն է և ցուցակված է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում: Ընկերության բաժնետոմսերի 80%-ը պատկանում է պետությունը:
Նշենք, որ գործարանի մասնավորեցման գործընթացը կազմակերպելու համար նախնական գնահատականներով կպահանջվի երկու ամիս: