Գլխավոր Լրահոս

Գերիների վերադարձն իշխանության առաջնային օրակարգում է․ Թորոսյանը՝ հարցը Վենսին ներկայացնելու մասին

Գերիների վերադարձն իշխանության առաջնային օրակարգում է․ Թորոսյանը՝ հարցը Վենսին ներկայացնելու մասին

Հայ գերիների վերադարձի հարցը միշտ եղել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների առաջնային օրակարգում և միշտ բարձրաձայնվել է բոլոր մակարդակներում: Այս մասին փետրվարի 9-ին ճեպազրույցի ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին՝ արդյոք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի երևանյան այցի ժամանակ գերիների ազատ արձակման հարցը բարձրացվելու է։ 

«Այդ հարցը բարձրացվել է նաև ԱՄՆ գործող վարչակազմի նախագահ Թրամփի հետ հանդիպումների ժամանակ, և այնպես չէ, որ այդ բարձրաձայնումները անպայման պետք է տեղի ունենան տեսախցիկների առաջ, և այնպես չէ, որ դա որևէ կերպ բան կփոխի մեր հայրենակիցների կյանքում, որոնք Բաքվում են»,- ասել է Թորոսյանը։

Նախարարը վստահեցրել է, որ վերջին շրջանի վարվող քաղաքականությունն է թույլ տվել գերիներից 4-ին վերադարձնել Երևան։

«Ես անձամբ բազմիցս իմ տարբեր կարգավիճակներում ներկա եմ եղել նման հանդիպումների և անձամբ լսել եմ և ինքս էլ բարձրացրել եմ այդ հարցը բոլոր երկրների բոլոր գործընկերների առաջ»,- ասել է Թորոսյանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում, այնուհետև կմեկնի Ադրբեջան։

***

Բաքվի ռազմական դատարանը փետրվարի 5-ին հրապարակել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և 8 հայերի դատավճիռները։

Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը և 8 քաղաքացիական անձանց մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։

Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Նույն գործով անցնող քաղաքացիական անձանցից Մելիքսեթ Փաշայանը և Մադաթ Բաբայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Ադրբեջանն Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարներին գերեվարել է 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և տեղի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո։

Քրեական գործով մեղադրական եզրակացությունը 2024-ի դեկտեմբերի 16-ին հաստատվել էր Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուսների գործից և քննվում է առանձին վարույթով:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում