Սլովենիայի նոր կառավարությունը կին կգլխավորի

Սլովենիայի խորհրդարանը փետրվարի 27-ին կողմ է քվեարկել երկրի վարչապետ Յանեզ Յանշայի հրաժարականին, հաղորդում է Euronews-ը։ Պատճառ են դարձել նրա հասցեին ուղղված կոռուպցիայի մեղադրանքները։ Այժմ պահպանողականների կառավարությանը կփոխարինի նախարարների ձախակենտրոն կաբինետը։ Կառավարության ձևավորման մանդատ է ստացել ընդդիմադիր «Դրական Սլովենիա» կուսակցության առաջնորդ Ալյոնկա Բրատուշեկը։ Նա համարվում է անկախ տնտեսագետ, և ոմանք նրան անվանում են տեխնիկական վարչապետ, «սլովենացի Մարիո Մոնտի»։

«Իմ կառավարության գլխավոր խնդիր կդառնա Սլովենիան հաջորդ ընտրություններին նախապատրաստելը»,- ասել է Ալյոնկա Բրատուշեկը։

Կառավարական ճգնաժամը Սլովենիայում սկսվեց այն բանից հետո, երբ այս տրվա հունվարին երկրի հակակոռուպցիոն հանձնաժողովը հայտարարեց, որ Յանշան չի հայտարարագրել մոտ €200 հազ․։ Կառավարական կոալիցիան լքեցին երեք կուսակցություն, և Յանշան կորցրեց խորհրդարանական մեծամասնության աջակցությունը։

«Դրական Սլովենիան» խորհրդարանում ունի 28 տեղ 90-ից։ Նոր վարչապետի կողմնակիցները կարող են նրան ավելացնել ևս մոտ 30 ձայն։ Բրատուշեկը կդառնա Սլովենիայի առաջին կին վարչապետը նրա անկախությունից ի վեր, հավելում է AFP-ն։

Մեկնաբանել