Ընդդիմությունը պետք է դառնա զուգահեռ իշխանություն

Ընդդիմությունը պետք է կարողանա ուժ հավաքել իշխանության թելադրած խաղերին չմասնակցելու համար: Օրինակ, Սերժ Սարգսյանը իր աշխատակազմի ղեկավարին հանձնարարում է քաղաքական ուժերի մասնակցությամբ խորհրդակցություններ սկսել «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման ուղղությամբ: Եթե ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը» հզոր քաղաքական ուժ լինեին, հնարավոր է Սերժ Սարգսյանի մտքով էլ չանցներ «քաղաքական ուժերի մասնակցությամբ» ձևակերպումը: Որովհետև, երբ նա դա ասում է, գիտի, որ ՀԱԿ-ն էլ, «Ժառանգությունն» էլ, առայժմ չունեն բարոյական այն լծակները, որ մերժեն այդ խորհրդակցությունները:

Օրինակ, ՀԱԿ-ը դեռևս չի դողացնում Սերժ Սարգսյանին: Մինչդեռ վերջինս սրտի թրթիռով պետք է ասեր «քաղաքական ուժերի մասնակցությամբ» ձևակերպումը, որովհետև պիտի հազար չափեր դա ասելուց՝ արդյո՞ք ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը» չեն մերժի իմ աշխատակազմի ղեկավարի հրավերը: Իսկ հիմա Սերժ Սարգսյանն ինքն է իմաստավորում բոլորին՝ իմանալով, որ ոչ մեկն առանձին վերցրած ամբողջական քաղաքական ուժ չէ, բոլորը իշխանության սահմանած խաղի կանոնների շուրջ են քաղաքական ուժ: Այս իրավիճակում ի՞նչ կարող է անել ընդդիմադիր քաղաքական ուժը: Նախ չպետք է դադարեցնի փետրվարի 19-ից սկսած պայքարը: Այսինքն, չպետք է Սերժ Սարգսյանին թույլ տա իրեն զգալ դրության տեր: Այդ ընդդիմադիր ուժը իրեն միացողների հետ պետք է դառնա զուգահեռ իշխանություն:

Այսինքն, Սերժ Սարգսյանը հանձին զուգահեռ իշխանության ոչ թե պետք է սկսի խորհրդակցություններ, որոնցում թելադրողն ինքն է, այլ պետք է երկխոսություն սկսի, որտեղ ինքը պարզապես երկխոսության կողմ է: Ընդդիմադիր ուժի թիկունքում այդ երկխոսության ժամանակ, բնականաբար, ժողովուրդն է, մինչդեռ, գիտենք, Սերժ Սարգսյանի թիկունքում միայն իշխանություն ունեցողներն են ու օլիգարխիան: Նա այդպես էլ հնարավորություն ունեցավ ապավինելու ժողովրդին: Ժողովուրդն ինքը պարզապես անտարբերություն ցուցաբերեց ընդդիմության հանդեպ՝ այդպես էլ չմերձենալով իշխանությանը: Երկրորդ, ընդդիմությունը կամ պետք է հրաժարվի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել, քանի դեռ այս պայքարը զուտ նախագահի ընտրությունների արդյունք է, կամ էլ պիտի համոզված լինի, որ Երևանում ՀՀԿ-ին զրկելու է կառավարման անխտիր բոլոր լծակներից: Մի բան, որ անհնար է, քանի որ ընդդիմությունն այդպես էլ պայքարի մեջ մտնելիս վերահսկողական որևէ շոշափելի լծակ ձեռք չբերեց:

«Ժառանգությունը» խմբակցության ղեկավարի շուրթերով արդեն հայտարարել է, որ մասնակցելու է ավագանու ընտրություններին: Կարծում եմ, սա ռիսկային և վտանգավոր հայտարարություն է, քանի դեռ մի պայքարում վերջակետ չի դրվել: Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին կուլիսներում խոստանա քաղաքապետի պաշտոնը, ոչինչ նրան չի խանգարի մեծամասնություն վերցնել քաղաքապետարանի ավագանիում: Նա պարզապես կարող է քաղաքական լարվածությունը թուլացնել Րաֆֆի Հովհաննիսյանին տալով այդ մխիթարական պաշտոնը՝ իր ձեռքին պահելով ամեն վայրկյան նրան պաշտոնանկ անելու լծակը՝ հանձին ավագանիում ՀՀԿ մեծամասնության: Այսպիսով, ունենալով քաղաքապետ, այսօր ձիու վրա գտնվող «Ժառանգությունը» չի դադարի լինել Սերժ Սարգսյանին առընթեր քաղաքական ուժ, որովհետև համաձայնել է «ի սեր ոչ հատվածապաշտության» ընդառաջ գնալ գործող նախագահի թելադրած խաղի կանոններին: Այսօր ամեն ինչ կարծես թե գնում է այդ ուղղությամբ:

Մեկնաբանել