Թուրքական մամուլը ` ՀՀ նախագահի ընտրությունների մասին

«Հրանտ Դինք» հիմնադրամի` լրագրողների փոխանակման ծրագրով փետրվարի 14-20-ը Հայաստանում էին թուրքական մի շարջ առաջատար լրատվամիջոցների թղթակիցներ, որոնք հետևում էին ՀՀ նախագահի ընտրություններին: Նրանք, վերադառնալով Թուրքիա, իրենց հոդվածներում անդրադարձել են Հայաստանի նախընտրական և հետընտրական գործընթացներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայաստանում իրենց ունեցած հանդիպումներին և մի շարք այլ թեմաների: Հատկանշական է, որ մինչև ընտրությունները թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումներն իրենց կանխատեսումներով նմանվում էին հայկականին. Սերժ Սարգսյանը մրցակցությունից դուրս է, իսկ նրա հաղթանակը` անկասելի:

Zaman-ի լրագրող Մուստաֆա Էդիբ Յըլմազը, ներկայացնելով իր տպավորությունները նախընտրական մթնոլորտի մասին, գրում է, թե նախընտրական Հայաստանը խոր հուսալքության և լռության մեջ էր: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Zaman-ի լրագրողը մեջբերում է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը, որ եթե Թուրքիան մինչև 2015թ. չդադարեցնի նախապայմաններ դնել երկկողմ հարաբերություններում, ապա Հայաստանի դիրքորոշումը կկոշտանա Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի նախաշեմին:

Milliyet-ի լրագրող Գյուլիսն Հարմանն ընթերցողի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում առանձին բաժին է բացվելու` նվիրված Ցեղասպանության ընթացքում հարևան հայերին փրկելու համար իրենց կյանքը վտանգած թուրքերին (մուսուլմաններին-ՍիվիլՆեթ): «Արարատ լեռան երկու կողմերում էլ կարծրատիպերը քանդվում են»,- գրում է նա` խոստովանելով, որ հենց իրենց` թուրք լրագրողների մոտ էլ գոյություն ունեցող որոշ նախապաշարումներ և կաղապարներ անհետանում են Հայաստան կատարած այցից հետո:

Star թերթի թղթակից Հալիմե Քյոքչեին զարմացրել էր այն, որ Հայաստանում ամենից շատ լսելի է օլիգարխ և օլիգարխիա բառերը, որոնք բնորոշում են ներկայում Հայաստանում տիրող դրությունը:

Radikal-ի լրագրող Մեսութ Հասան Բենլին անդրադառնում է Րաֆֆի Հովհաննիսյանի անակնկալ հաջողությանը:

Haberturk-ի վերլուծաբան Մուհարրեմ Սարըքայան իր «Կովկասում հաղթում է ապահովությունը» խորագրով հոդվածում գրում է, թե Հայաստանում հաղթեց «ապահովությունը» և եզրակացնում, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջորդ հինգ տարիներին կընթանա նույն կերպ, ինչ մինչ այժմ էր: Նրա կարծիքով` ընտրությունների արդյունքում կդժվարանա Լեռնային Ղարաբաղի և սահմանների խնդրի կարգավորման գործընթացը: Սակայն թուրք լրագրողը նկատում է, որ այժմ Հայաստանում ավելի քիչ են նշում, թե սահմանի բացումից հետո թուրքերը և քրդերը կգան ու կգրավեն, և մեծամասնությունը կողմնակից է հայ-թուրքական սահմանի բացմանը:

Դիտարկելով հետընտրական Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները` թուրք լրագրողը գրում է, որ ինչքան էլ Հայաստանում խոսում են 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները չկրկնելու անհրաժեշտության մասին, այղուհանդերձ, իրականությունն այն է, որ Հայաստանում հետզհետե լարվածությունն աճում է:

Մեկնաբանել