Պետությունից նեղացած Կուստուրիցան հեռանում է պաշտոններից

Սերբիայի իշխանությունները հանրահայտ ռեժիսոր Էմիր Կուստուրիցային մեղադրել են պետական դիրքի չարաշահման մեջ:

Սերբիայի պետական աուդիտորական գործակալությունը պնդում է, որ Կուստուրիցան չարաշահել է «Մոկրա գորա» արգելոցի տնօրենի իր լիազորությունները: Կուստուրիցան իբր արգելոցի հաշվեկշռին չի փոխանցել երկու ամենագնաց մեքենա, որոնք նվեր է ստացել սերբական ուժային կառույցներից, չի անցկացրել գնումների հայտամրցույթներ և չի հաշվառել ունեցվածքը: Նրան նաև մեղադրել են բյուջետային ծախսերը գերազանցելու մեջ. 2011-ին Կուստուրիցայի հեռախոսազանգերի և գովազդի վրա ծախսած գումարը 11,8 մլն եվրոյով գերազանցել է նախատեսված շեմը:

Ռեժիսորը հերքել է բոլոր մեղադրանքները և ասել, որ դադարեցնում է ցանկացած համագործակցություն պետության հետ: Նա հեռանում է արգելոցի տնօրենի և Սերբիայի դահուկորդների միության նախագահի պաշտոններից, հրաժարվում է Կուստենդորֆ փառատոնի պետֆինանսավորումից և նոր՝ «Սեր և պատերազմ» ֆիլմին իշխանությունների աջակցությունից:

«Ինձ համար շատ դժվար է հեռանալ «Մոկրա գորայից» ութ տարվա համագործակցությունից հետո: Այս ժամանակի ընթացքում ինձ հաջողվել է անել այնպես, որ արգելոցն աշխատի բացառապես այցելուների, ոչ թե փողի համար»,- Blic թերթին ասել է ռեժիսորը:

Սերբիայի «Մոկրա գորա» ազգային արգելոցը հիմնադրվել է 2005թ. Սերբիայի և Բոսնիա- Հերցեգովինայի սահմանի մոտ: Արգելոցը հիմնադրման առաջին օրվանից գլխավորող Կուստուրիցան այս տարածքում կառուցել է Կուստենդորֆ էթնոգյուղը, որտեղ անցկացվում է համանուն փառատոնը:

Մեկնաբանել