«Նախախորհրդարանը» կազմակերպել էր «Գիտությունը և Հայաստանը» թեմայով քննարկում

Հայաստանում գիտությունը շարունակում է մնալ այն ոլորտը, որը լուրջ փոփոխությունների և պետական ֆինանսավորման կարիք ունի: Այսօր այսպիսի տեսակետ հայտնեցին «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած «Գիտությունը և Հայաստանը, դերն ու հեռանկարները» թեմայով քննարկման մասնակիցները:

«Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանի կարծիքով` Հայաստանի անկախացումից ի վեր դեռ հնարավոր չի եղել Հայաստանի գիտությունն ազատել hետխորհրդային վերապրուկից:

«Երբ Հայաստանն անկախություն ստացավ, մենք ժառանգեցինք գաղութային երկրի գիտություն, որը թեև բազմաքանակ էր, բայց ծառայել էր ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ մի խոշոր կայսրության: Դրան գումարվեց գիտության համաշխարհային գիտության կոնտեքստի փոփոխությունը, որը կապված էր գլոբալիզացիայի և ինֆորմացիոն հեղափոխության առաջացման համար»,- ասաց Չուգասզյանը:

Տնտեսագետ Կարեն Բաղդասարյանն էլ կարծում է, որ գիտությունը մեր երկրում որպես սոցիալական երևույթ է դիտվում: Այժմ ավելի շատ նորարարություններ են պետք:

«Շատ կարևոր է վերանայել «Գիտությունների ազգային ակադեմիա» հասկացությունը, որի ֆունկցիան ես չեմ հասկանում»,- նշեց նա` հավելելով, թե Հայաստանը նորարարությունների ինդեքսով շատ հեռու է առաջատար երկրներից, իսկ մրցունակության ինդեքսով համեմատաբար առաջ է:

Ֆիզիկոս Արթուր Իշխանյանը, սակայն, չհամաձայնեց Բաղդասարյանի հետ: Նրա կարծիքով` ԳԱԱ-ն քաոսային այս 20 տարիների ընթացքում պատմական օղակի դեր է կատարել, իսկ գիտության մրցունակության կամ մյուս ինդեքսները հիմնականում չեն համապատասխանում իրականությանը:

«Փորձը ցույց է տալիս, որ մեր պետությունը տապալել է ամեն ինչ: Կեղծ չափանիշները վերջին տարիների ընթացքում փորձում են փաթաթել մեր հասարակության վրա»,- ասաց Իշխանյանը:

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմադրամի նախագահ Հարություն Կարապետյանն էլ կարծում է, որ գիտությունը մեր այսօրվա տնտեսությունում շատ ավելի կարևոր է, նամանավանդ, երբ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ:

«Ամեն տարի, եթե գոնե մեկ միլիոնի սարքավորում գնենք, պատկերն այլ կլինի, իսկ մենք դեռ 70-ականների սարքավորումներով ենք աշխատում: Պետք է ֆինանսավորել և ճիշտ ֆինանսավորել»,- առաջարկում է Կարապետյանը

«Արմակադի» հիմնադիր Խաչիկ Գևորգյանի պատկերացմամբ էլ` գիտության ոլորտը կառավարելու համար պետք է հստակ չափանիշներ սահմանել: Նախ պետք է կարգավորել գիտական պաշտոնների համար դիմելու կանոնակարգը:

«Քննե´ք հարցի կողմերը, մտե´ք մեխանիզմների մեջ, և դուք միշտ տեսնելու եք մեկ արմատ, որը կոչվում է ՀՀ կառավարություն: Հետևաբար գիտության կառավարման լավացման համար պիտի լավացնել կառավարումը: Մեր կառավարությունն է պետք կառավարել: Արմատը չարյաց այդտեղ է»,- հավելեց Իշխանյանը՝ նշելով, որ խորհրդային տարիններին գիտնականներին և ֆիզիկոսներին նույնիսկ տաքսիստները գիտեին:

Մեկնաբանել