Վաղը հաղթելու է նա, ով հաղթել է արդեն իր գլխում. Վ. Պետրոսյան

Վաղը հաղթելու է նա, ով հաղթել է արդեն իր գլխում, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ընթացքում հայտարարեց սցենարիստ և դերասան Վարդան Պետրոսյանը:

«Ես քաղաքական գործիչ չեմ, վերլուծաբան չեմ և ինձ դժվար է քաղաքական վերլուծություններ անել, դա պետք է թողնել մասնագետներին: Ամենասարսափելին այն է, երբ արվեստի մարդը սկսում է քաղաքականությամբ զբաղվել: Սա իմ գործը չէ: Ես ուղղակի որպես հայ մարդ ուզում եմ սրտիս խոսքն ուղղել ձեզ»,- ասաց Պետրոսյանը` նշելով, որ շատերի պես ինքն էլ չի հավատացել, որ այսօր այսպիսի շարժում կստեղծվի:

Դերասանի խոսքով` շատերի նման, իրեն թվացել է, որ ժողովուրդն անտարբեր է, որ ոչնչի չի հավատում, վախեցած է ու անտարբեր, սակայն տեղի ունեցավ անսպասելին:

«Մեր ժողովուրդը նորից ոտքի կանգնեց, միգուցե ենթագիտակցորեն ոտքի կանգնեց, վախի մթնոլորտում, սպառնալիքի, ապատիայի, անպաշտպանվածության մթնոլորտում գնաց և իր խղճի ձայնը տվեց նրանց, ում ուզում էր»,- ասաց Պետրոսյանը` նշելով, որ տեղի ունեցավ ամենամեծ հաղթանակը: Նրա խոսքով` պատահական չէ, որ այս հաղթանակը համընկավ Արցախյան շարժման 25-ամյակին:

«Սա է իսկական հաղթանակի սկիզբը, քանի որ հաղթանակն առաջինը տեղի է ունենում հոգում, գլխում, սրտում, եթե չլինի դա, չի լինի իսկական հաղթանակ»,- ասաց դերասանը` հավելելով. «Գլուխդ բարձր, հայ ժողովուրդ, հաղ-թա-նակ»:

Մեկնաբանել