«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այս մասին փետրվարի 12-ին հայտարարեց «Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ։
«Ընտրություններից 20 օր անց ԱԺ առաջին նիստին հանդես կգանք օրենսդրական փոփոխության որոշմամբ, որ թույլ տանք միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ ՀՀ վարչապետ։ Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն ՀՀ քաղաքացի»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Գործող Սահմանադրությամբ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Սամվել Կարապետյանը Հայաստանից բացի այլ քաղաքացիություն ևս ունի։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ Հայաստանի սահմանադրագետները ներկայացրեցին իրավական պարզաբանումներ այն մասին, թե ինչ ընթացակարգով կարող է փոփոխվել Սահմանադրության 148-րդ հոդվածը, ինչը իրավական հնարավորություն կտա Սամվել Կարապետյանին առաջադրվել որպես վարչապետի թեկնածու։
Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը նշում է, որ Սահմանադրությամբ նախատեսված են փոփոխությունների երեք ռեժիմներ, որոնցից մեկը թույլ է տալիս փոփոխություններ կատարել օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի կողմից։ Ըստ նրա՝ Սահմանադրության 148-րդ հոդվածը, որը կարգավորում է կառավարության անդամին ներկայացվող պահանջները, անփոփոխելի հոդված չէ, և դրա փոփոխության համար հանրաքվե չի պահանջվում, հետևաբար այս հոդվածի փոփոխությունները բավականին ճկուն են և կարող են իրականացվել Ազգային ժողովում պատգամավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով։
ՍԴ նախագահի նախկին տեղակալ Ալվինա Գյուլումյանը նշում է, որ Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է կառավարության անդամին ներկայացվող պահանջները։
«Սահմանադրության 148-րդ հոդվածը կարող է փոփոխվել Ազգային ժողովի կողմից ձայների որակյալ մեծամասնությամբ, այսինքն դա այն բացառությունների մեջ չի մտնում, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով: Ազգային ժողովը կարող է փոփոխել վարչապետին և կառավարության մյուս անդամներին ներկայացվող պահանջները»,- նշում է Գյուլումյանը:
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը հաստատում է, որ խորհրդարանն առանց հանրաքվեի իրավասու է Սահմանադրության որոշ գլուխներում և հոդվածներում կատարել փոփոխություններ։ Նրա պարզաբանմամբ՝ 148-րդ հոդվածը չի մտնում 202-րդ հոդվածի առաջին մասով սահմանված այն հոդվածների ցանկում, որոնց համար պարտադիր է հանրաքվեի անցկացումը, ինչը իրավական ճանապարհ է բացում թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ սահմանադրական փոփոխություններն իրականացնելու համար
Սահմանադրագետների փաստարկմամբ, Սամվել Կարապետյանի առաջադրման համար անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները կարող են իրականացվել բացառապես Ազգային ժողովի որոշմամբ՝ առանց համաժողովրդական հանրաքվեի անհրաժեշտության։
***
Սամվել Կարապետյանն այժմ գտնվում է տնային կալանքի տակ։
Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025-ի հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել է տնային կալանքով, 4 մլրդ դրամ գրավով և այլ սահմանափակումներով: Կարապետյանը կալանավորվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։
Civilnet











