Երևանի ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը

Լուսանկարը՝ PanArmenian-ի:

Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավորի Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս տեղեկությունը ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը հաղորդել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ նիստի ժամանակ գործադիր մարմնի բոլոր անդամները միաձայն են ընդունել ՀՀԿ նախագահի առաջարկն այս մասին: «Մենք ողջունում ենք նախագահի այս առաջարկը, քանի որ Տարոն Մարգարյանը մինչ այս պահը պարտաճանաչ կերպով կատարել է իր պարտականությունները»,- ասել է Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը նաև նշել է, որ ՀՀԿ Գերագույն մարմնի նիստին քննարկվել են բացառապես նախագահի ընտրություններին վերաբերող հարցեր: Իր խոսքով՝ նիստի ժամանակ ևս մեկ անգամ արձանագրվել է, որ կայացած նախագահական ընտրությունները լավագույնն էին Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ: «Չնայած բոլոր թերություններին՝ այս ընտրություններն իսկապես լավագույնն էին մեր նորագույն պատմության մեջ»,- ասել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ դրա մասին են վկայում բոլոր դիտորդական առաքելությունների դրական գնահատականները եւ այն հանգամանքը, որ նախագահական ընտրություններն ու դրան նախորդող քարոզարշավն անցան առանց անձնական վիրավորանքների և ավելորդ լարվածությունների:

Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական քայլերի մասին՝ ՀՀԿ խոսնակը նշեց, որ «Ժառանգության» առաջնորդի կողմից միակ ճիշտ քայլը կլինի «իր պարտությունն ընդունելը և գործող նախագահին շնորհավորելը»:

Մեկնաբանել