Հայաստան-ՆԱՏՕ միջգերատեսչական հանձնաժողովն ընդունել է ՆԱՏՕ-ի պատվիրակությանը

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) 2012թ. փաստաթղթերի գնահատման նպատակով փետրվարի 25-ից մարտի 1-ը Հայաստանում էր ՆԱՏՕ-ի պատվիրակությունը. հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Չորսօրյա քննարկումներից և հանդիպումներից հետո այսօր տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը:

Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվել են ԱԳԳԾ և ՊՎԳ փաստաթղթերի գնահատման նախնական արդյունքները: Նշվել է այն առաջընթացը, որն արձանագրվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ: ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն անդրադարձան իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին և հիմնական առաջնահերթություններին:

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցությունը զարգանում է անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսության, պաշտպանական բարեփոխումների, ինչպես նաև երկու թատերաբեմերում միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության միջոցով: Սերտ համագործակցություն է ընթանում նաև արտակարգ իրավիճակների պլանավորման և աղետների արձագանքման բնագավառում` «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: