ԲՀԿ-ն ժողովրդին է միացած լինելու, ոչ թե՝ մի մարդու. Տիգրան Ուրիխանյան

Եկեք շիտակ ու ազնիվ լինենք թե պետության հետ, թե ընտրողի. «Բարգավաճ Հայաստան»-ը բոլոր հարթակներում է, որտեղ կա դժգոհություն և բողոք. նշեց ԲՀԿ խոսնակ, ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Երկիր մեդիա»-ի «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում:

«Ամեն Աստծու օր «Բարգավաճ Հայաստան»-ը կատարում է շատ ավելի դժվար աշխատանք, քան հրապարակում հավաքվել և ականջահաճո խոսքեր ասելն է»,- նշեց նա: Ըստ նրա՝ բավական ծանր գործ է խորհրդարանական աշխատանքը, որը մարդիկ հիմնականում չեն տեսնում: «Բայց մենք մշակում ենք օրենքներ և մեծ դժվարությամբ անցկացնում ենք, որից մարդկանց կյանքի որակն է փոխվում: Տաքսիստները բողոքում էին, բան փոխվեց, ատամնաբույժները բողոքում էին, աշխատեցինք, նույն Միքայել Մելքումյանը օրենքի նախաագիծ մշակեց»,- ասաց նա:

Հրապարակում, ըստ Ուրիխանյանի, մարդիկ հավաքվում են՝ դրսևորելու իրենց մեջ ամեն օր կուտակվող զայրույթը, և ոչ թե ինչ-որ մեկին տալու նախագահի աթոռը: «Մարդիկ գալիս են հրապարակ, որ երկրից դուրս չգան»,- ասաց նա:

ԱԺ-ի այսօրվա քննարկմանը ներկա չլինելու մասին հարցին ի պատասխան՝ Ուրիխանյանը նշեց. «Եթե մի որևէ պահի մի սենյակում ԲՀԿ-ի կրծքանշանով մարդ չկա, դա չի նշաանկում, որ մենք այնտեղ չենք: Այս խորհրդակցությունը մեկնարկել է այսօր, դեռ շարունակվելու է, առանց մեզ չի կարող որոշում կայացվի»:

Դասադուլի մասին հարցին անդրադառնալով՝ Ուրիխանյանն ասաց, որ ուսանողները զարգացած երկրներում առավելագույնը գիտեն երկրի նախագահի ու ևս մի-երկու պաշտոնյայի անուն, իսկ քաղաքականությամբ զբաղվում են այն երկրներում, ուր այլ անելիք չունեն: «Ամբողջ զարգացած աշխարհում մարդիկ ստանում են կրթություն, որ ապահովեն բարեկեցիկ ապագա, չսովորելով՝ ուր պիտի հասնեն: Ես ողջունում եմ ուսանողների ակտիվությունը, շատ կարևորում եմ, որ կան նման երիտասարդներ: Բայց պիտի այդ ամենն անեն դասերից հետո: Մենք միացած ենք ժողովրդին ու միշտ պատրաստ ենք միանալ այն մարդկանց, ովքեր դուրս են գալիս հրապարակ: Այդ մարդկանց պահանջները մենք վերցնում ենք մեր զինանոց ու պատրաստվում ենք օգտագործել դրանք, լուծել մարդկանց խնդիրները: Միանալ ժողովրդին չի նշանակում միանալ մի մարդու»,- ասաց նա:

Նա կրկնեց, որ ԲՀԿ-ն ոչ ընդդիմության հետ է, ոչ էլ իշխանության հետ, և միայն աշխատում է «կատարել այն խնդիրները, որոնց համար իրենց ընտրել է ժողովուրդը»: «Դուք մեզ ուղարկում եք ընդդիմության մոտ կամ իշխանության մոտ, որ ի՞նչ… ո՞վ է դրանից շահելու,- ասաց նա- Ես երբեք հանդես չեմ եկել ընդդիմության դիրքերից: Ես հանդես եմ եկել հարցեր բարձրացնող-լուծողի դիրքերից»:

Լուսանկարը՝ Տ.Ուրիխանյանի Facebook-ի էջից

Մեկնաբանել