Ոսկին թանկանում է, ոսկերչությունը՝ ոչ

Հայաստանում ոսկերչությունը վնասակար բիզնես է, դրա մասին, համենայն դեպս, վկայում է Երևանի ոսկերչական գործարանը։ Ընկերությունը կուտակել է Դ6,4 մլրդ-ի վնասներ և կառավարության որոշմամբ նվազեցրել կանոնադիր կապիտալը։ Բացի այդ՝ վարչապետի հանձնարարականով գործարանում սկսվել է մասնավորեցման գործընթաց։

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց սեփականաշնորհել Երևանի ոսկերչական գործարանը: Վարչապետի մեջ նման ցանկություն առաջացավ այն բանից հետո, երբ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց գործարանի կանոնադրական կապիտալի նվազեցման վերաբերյալ որոշումը, ըստ որի՝ ընկերության կապիտալը հավասարեցվում է զուտ ակտիվների արժեքին՝ Դ3,24 մլրդ։

Գործարանի 2012թ. ֆինանսական հաշվետվության համաձայն՝ կանոնադիր կապիտալը տարեվերջին կազմել է Դ10,3 մլրդ, կուտակային վնասը՝ Դ6,4 մլրդ։ Միայն 2012թ. գործարանի վնասը կազմել է Դ262 մլն։ Գործարանն ըստ էության վնասով է աշխատել անգամ նախաճգնաժամային տարիներին. 2008թ., օրինակ, գործարանի կուտակած վնասը կազմել է Դ6,5 մլրդ։

Երեկ վարչապետը շահագրգիռ գերատեսչություններին հանձնարարել է նախապատրաստվել սեփականաշնորհման գործընթացին: Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարվել է իրականացնել Ոսկերչական գործարանի համալիր ստուգում՝ նրա շուկայական գինը ճշգրտելու և սեփականաշնորհումն արդյունավետ իրականացնելու նպատակով։ Վարչապետն առաջարկել է քննարկել նաև ընկերության բաժնետոմսերը բորսայի միջոցով վաճառելու հնարավորությունը։

Ուշագրավ է, որ նիստի ընթացքում վարչապետի հարցադրումներին Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի և էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի պատասխաններից այդպես էլ պարզ չդարձավ՝ ընդգրկված է արդյոք գործարանը պետական գույքի մասնավորեցման ծրագրում, թե ոչ։ Սահակյանի խոսքով՝ ընդգրկված չէ, այնինչ Դավթյանը հակառակն էր պնդում։ Ի դեպ՝ Երևանի ոսկերչական գործարանի բաժնետոմսերի 80%-ը գտնվում է էկոնոմիկայի նախարարության տնօրինության տակ, մյուս մասը՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների։

Երևանի ոսկերչական գործարանի վնասով աշխատելու հանգամանքը հասկանալի չէ, եթե հաշվի առնենք, որ ըստ ֆինանսական հաշվետվությունների՝ այն զբաղվում է պերճանքի առարկաների, ոսկերչական իրերի և թանկարժեք զարդեղենի, ժամացույցների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, կիսաֆաբրիկատների արտադրությամբ և վաճառքով։ Գործարանը նաև մշակում է նոր տեխնոլոգիաներ, կատարում մասնագետների ուսուցում, վերապատրաստում, կազմակերպում ցուցահանդեսներ և տոնավաճառներ։

Դատելով գործարանի ֆինանսական վիճակից՝ ստացվում է, որ Հայաստանում ոսկերչությունը վնասակար բիզնես է։ Մյուս կողմից՝ չի բացառվում, որ տարիներ շարունակ վնասով աշխատելը ուղղված է եղել գործարանը որպես ակտիվ էժանացնելուն՝ մասնավորեցման ժամանակ այն չնչին գումարով ձեռք բերելու համար։

Մեկնաբանել