Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Խորհուրդը քննարկել է՝ Աշխատանքի ընտրության ազատության և աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցերը, Արտակարգ դրության սահմանման և Ընտրական իրավունքի իրականացման կառուցակարգերին վերաբերող դրույթները: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից, նշելով, որ հաջորդիվ նույնպես խորհուրդը կշարունակի քննարկումները նշյալ թեմաների շուրջ:
Նոյեմբերին արդարադատության նախարարը հայտնել էր, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտին:
***
Փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում նոր սահմանադրության ընդունելու անհրաժեշտության մասին։
Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին վարչապետը խոսել է Բաքվից հնչող պահանջների ֆոնին։ Չնայած, որ 2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ 2019-ի հունիսին ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ կենտրոնանալով դատական բարեփոխումների և կառավարման մոդելի վրա։
Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։
Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։
Թեմա
Civilnet










