Սումգայիթյան հանցագործության 25-ամյակին նվիրված միջոցառումներ Վրաստանում

Թբիլիսիում նախօրեին տեղի է ունեցել սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո, ինչպես նաև ոճրագործությանը զոհ դարձած հայերի ոգեկոչման արարողություն. հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Թբիլիսիի Ս.Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ) եկեղեցում Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի, եկեղեցու հոգևոր դասի, ինչպես նաև հայ համայնքի մշակութային, կրթական ու մարզական միությունների ղեկավարների և այլ ներկայացուցիչների մասնակցությամբ մատուցվեց Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և Կիրովաբադում հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների, տեղահանման քաղաքականության և պետականորեն կազմակերպված հանցագործության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագ:

Սրբազան հայրն իր քարոզում հատուկ անդրադարձ է կատարել քառորդ դար առաջ Սումգայիթում և այլ բնակավայրերում հայազգի բնակչության հանդեպ կատարված ոճրագործությանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:

Այնուհետև Վրաստանի մշակութային և հասարակական տարբեր հաստատությունների և հայ համայնքի մեծաքանակ ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացել է հուշ-երեկո, որին բացման խոսքով հանդես եկավ դեսպան Մանուկյանը:

Հայաստանի դեսպանը, մասնավորապես, խոսել է նախորդ դարի 80-ականների վերջին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ և թողտվությամբ իրականացված վայրագությունների, մինչ օրս շարունակվող պատմական փաստերի խեղաթյուրման և զեղծարարությունների, ներկայիս բանակցային գործընթացում Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական մոտեցումների և հայատյացության քարոզչությանն ուղղված անհեռատես քաղաքականության հետևանքների մասին:

Այնուհետև Արցախի պատմության և նրա ազգաբնակչության ինքնորոշման օրինական պահանջի վերաբերյալ պատմական և փաստավավերագրական դասախոսությամբ հանդես է եկել պատմաբան Կարեն Հովհաննիսյանը:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել են նաև հատվածներ սումգայիթյան, ինչպես նաև Բաքվի և Մարաղայի իրադարձությունների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմերից:

Երեկոյի ավարտին գնահատանքի և օրհնության խոսքով հանդես է եկել Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Մեկնաբանել