ՀԿ-ները գեղեցիկ զեկույցներ են գրում

Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության բարձրագույն դպրոցի (London School of Economics and Political Science) դասախոս, դոկտոր Արմինե Իշխանյանը նամակ է հղել ԵԱՀԿ դիտորդներին՝ նշելով, որ այն ժողովրդավարությունը, որոնց մասին նրանք խոսում են, պետք է նախ իրենք հարգեն, օրինակ՝ այն ժամանակ, երբ երիտասարդները ներխուժեցին մամուլի ասուլիսի սրահ՝ ցանկանալով ինչ-որ բան հայտնել նրանց: ՍիվիլՆեթի հետ զրույցում նա ասում է, որ քաղաքացիական ակտիվիզմը Հայաստանում նոր դրսևորումներ ունի, քանի որ ավանդական ՀԿ-ների հիմնական աշխատանքը գեղեցիկ զեկույցներն են:

— Արմինե, հեռվից նայելով՝ ինչպե՞ս ԵԱՀԿ-ին ուղղված այդ նամակը բանաձևեցիք, դրեցիք ժողովրդավարության համատեքստում: Կբացատրե՞ք:

— Նամակը գրեցի, որովհետև այս թեմաների շուրջ շատ եմ գրում և գիրք ունեմ: Երբ մտածում էի, որ դուք՝ ԵԱՀԿ դիտորդներդ, խոսում եք ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, քաղաքացիների ձայնի, մասնակցության մասին, ապա ինչու երբ քաղաքացիները եկան և կարդում էին իրենց գրածը, դուք չէիք լսում, և որոշեցիք գնալ սենյակից: Այդ պատճառով ես որոշեցի նամակ ուղղել նրանց և հարցնել, ինչու չեն ուզում լսել քաղաքացիների ձայնը: Այսօր ես այդ նամակի պատասխանը ստացա: Նրանք բացատրում են, որ իրենք չեն լսել, որովհետև, փաստորեն, երբ ակտիվիստները ներխուժել են, իրենցից ձայն չեն խնդրել, իրենց չեն դիմել, և նրանք խոսել են լրագրողների և կամերաների հետ և ոչ թե այդտեղ նստած դիտորդների հետ: Պատասխանում ասում են, որ իրենք որոշել են դադար վերցնել և ժամանակ տալ, որ երիտասարդները վերջացնեն կարդալ իրենց հայտարարությունը:

— Ժողովուրդը իր մեթոդաբանությունը, կարծես, փոխել է, բայց ոչ ԵԱՀԿ-ն:

— Այստեղ երկու խնդիր կա: Առաջին՝ ես չեմ ուզում նրանց [ԵԱՀԿ] մոտիվացիայի, խնդիրների մասին խոսել: Ես ուզում եմ մտածել, որ նրանք շատ պրոֆեսիոնալ են, եկել են ընտրությունները դիտարկելու և այլն: Այստեղ խնդիրն այն է, որ նրանք չկարողացան ակտիվիստների հետ շփվել, որովհետև ավելի շատ սովոր են շփվել քաղաքակիրթ ՀԿ-ների հետ, որոնք իրենց հետ ուրիշ ձևով են խոսում, իսկ ակտիվիստները՝ ավելի բարձրաձայն և տարբեր այլ մեթոդներով:

Բայց մեթոդը արդեն փոխվել է փողոցում: Քաղաքացիական հասարակությունը մինչև վերջին տարիները ավելի շատ ՀԿ-ական էր. այդ մասին ես արդեն գրել եմ, որ դրանք մի տիպի են և ոչ թե փողոցում են աշխատում կամ քաղաքացիների հետ, այլ իրենք իրենց ծրագրերն են իրականացնում, շատ գեղեցիկ զեկույցներ գրում: Իսկ մանավանդ այս վերջին չորս-հինգ տարիներին երիտասարդ քաղաքացիները իջնում են հրապարակներ, փողոցներ, ուրիշ խնդիրներ են բարձրացնում: Եվ մեթոդաբանությունը նաև պետք է երկու կողմից փոխվի, որ նրանք էլ [միջազգային դիտորդները] հասկանան, որ այդ երիտասարդները ուրիշ խնդիրներ ունեն և ուրիշ ձև են աշխատում: Ինչ վերաբերում է հենց դիտորդական աշխատանքին, ապա նրանք պետք է հասկանային, որ փոխվում են նաև ընտրախախտումների մեթոդը: Եթե առաջ ընտրախախտումները կատարվում էին ընտրատեղամասերում, քվեարկության օրը լցոնումներ էին լինում, քաշքշոց և այլն, ապա հիմա փոխվել է. ընտրախախտումներն ավելի նուրբ ձևերով են կատարվում՝ մի քանի օր, մի քանի շաբաթ առաջ դրամ է բաժանվում, կարուսելային մեթոդն է օգտագործվում և այլն: Որոշ կազմակերպություններ, կարող եմ նշել մեկը՝ Վաշինգտոնի Policy Forum Armenia-ն, գրել էր դիտորդներին. «Դուք պետք է սրանից տեղյակ լինեք, պետք է դա հաշվի առնեիք, պետք է իմանայիք, դա ձեր աշխատանքն է: Դուք գնում եք մի երկիր, պետք է տեղյակ լինեք, թե այնտեղ ինչ է կատարվում»: Դրա համար է, որ նրանք ասում են, թե «չենք տեսել, չենք նկատել, չգիտենք: Ես դա լուրջ չեմ կարողանում ընդունել, քանի որ դա նրանց աշխատանքն է, և նրանք պետք է դա իմանային:

— Քաղաքացիական ակտիվիզմի նոր ոճի մասին խոսենք: Ի՞նչ է կատարվում փողոցում, ի՞նչ է կատարվում ակտիվիստների միջոցով: Վերջին երկու-երեք տարվա խմորումները, կարծես, ինչ-որ քաղաքական ակտիվիզմի են վերածվել:

— Գիտեք, մենք դա տեսնում ենք ամբողջ աշխարհում: 2011-2012 թթ. ամբողջ աշխարհով մեկ երիտասարդները իջնում էին փողոցներ, հրապարակներ, նաև սոցիալական ցանցեր՝ իրենց խնդիրները բարձրացնելու: Ինչո՞ւ է դա կատարվում. որովհետև, երբ մենք ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ երիտասարդության մեջ կա անհանգստություն, ջղայնություն, որ նրանց ձայնը ոչ մի տեղ չի լսվում: Նրանք դժգոհ են թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական համակարգերից, և իրենց բողոքը տանում են փողոց, որովհետև քաղաքական կուսակցություններում ընդգրկված չեն կամ չեն զգում, որ քաղաքական կուսակցությունները իրենց լսում են, կամ որ ղեկավարներն իրենց լուրջ են ընդունում: Այդ պատճառով է, որ նրանք ընտրում են այս մեթոդը: Մի բան էլ կասեմ. շատ երկրներում ՀԿ-ներն էլ էին հենց այդ ցուցակում, որ չէին հասկանում, թե ինչ է կատարվում, ասենք՝ Եգիպտոսում, Լոնդոնում: Այնտեղ շատ պարզ երևաց, որ ՀԿ-ները ոչ թե ղեկավարում էին, այլ զարմացած էին, թե ժողովուրդը ինչ է անում, ինչու է փողոց իջել: Այդ պատճառով մենք նոր բան ենք տեսնում քաղաքացիական հասարակության ոլորտում:

— Լավ լուր է՝ որոշ ոլորտներում աշխարհի հետ համաքայլ ենք:

— Այո՛: n

Զրուցել է Սալբի Ղազարյանը

Մեկնաբանել