Գլխավոր Լրահոս

Սումգայիթի ջարդերի օրը. ինչպես են փոխվել ՀՀ իշխանությունների շեշտադրումները

Սումգայիթի ջարդերի օրը. ինչպես են փոխվել ՀՀ իշխանությունների շեշտադրումները

Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հարգանքի տուրք է մատուցել հարյուրավոր զոհերի հիշատակին, նշել է ատելության խոսքի մերժումը և ընդգծել հաշտեցման ու խաղաղության հասնելու ձգտումը։ ԱԳՆ հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության X-ի միկրոբլոգում։

«1988-ին Ադրբեջանական ԽՍՀ ուժերի կազմակերպած Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։ Հիշողությունը միայն անցյալի վերաբերյալ մտորելու մասին չէ։ Այն վերահաստատում է մեր համատեղ պատասխանատվությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով՝ միաժամանակ անսասան աշխատելով հաշտեցման և երկարատև խաղաղության համար»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։

Հունվարի 13-19-ը Բաքվի ջարդերի 36–րդ տարելիցն էր։ Այդ առիթով Հայաստանի վարչապետի կամ արտաքին գործերի նախարարության կողմից որևէ առանձին պաշտոնական հայտարարություն կամ ուղերձ չի հրապարակվել:

2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանի վարչապետի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները Սումգայիթի (1988) և Բաքվի (1990) ջարդերի վերաբերյալ կրել են էվոլյուցիոն փոփոխություններ՝ արտացոլելով տարածաշրջանային զարգացումները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման առաջին տարիներին՝ ծաղկեպսակ էր դնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայկական ջարդերի զոհերին նվիրված խաչքարերի մոտ, կատարվածը որակում «Ադրբեջանի պետական քաղաքականություն» և «ցեղասպանության փորձ»։ 

Նիկոլ Փաշինյանի հանրային և արարողակարգային վերջին այցը Սումգայիթի և Բաքվի ջարդերի զոհերի հիշատակի խաչքարի մոտ եղել է 2021-ին։ Դրանից հետո հիշատակի օրն արձանագրվել է հայտարարություններով, այս տարի արդեն՝ նաև դրանց բացակայությամբ։

նախորդ տարիների համեմատ, այս տարի ԱԳՆ-ի հայտարարությունը տեղափոխվել է սոցիալական հարթակ (X), որտեղ տեքստը դարձել է ավելի կարճ և զուսպ: Մինչև 2026-ը ԱԳՆ-ն ընդգծում էր, որ Սումգայիթը պետականորեն ծրագրված հայատյացության դրսևորում էր, որի նպատակը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճնշելն էր: Հայտարարություններում ուղիղ կապ էր հաստատվում 1988-ի և 2020-ի 44-օրյա պատերազմի գործողությունների միջև: Լաչինի միջանցքի շրջափակման և ԼՂ հայաթափման համատեքստում ԱԳՆ-ն Սումգայիթի և Բաքվի ջարդերը որակում էր որպես էթնիկ զտումների շղթայի սկիզբ, որը շարունակվեց 2023-ին՝ Լեռնային Ղարաբաղում։

Վերջին հայտարարությունում շեշտվում է ոչ միայն անցյալի ցավը, այլև «համատեղ պատասխանատվությունը»՝ մերժելու ատելության խոսքը և աշխատելու «հաշտեցման ու երկարատև խաղաղության համար»:

Էլեն Մուրադյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում