Գլխավոր Լրահոս

Աֆղանստան ու Պակիստան. ինչի՞ շուրջ են կռվում երկու երկրները 

Աֆղանստան ու Պակիստան. ինչի՞ շուրջ են կռվում երկու երկրները 

Գեորգի Միրզաբեկյան

Պակիստանի ու Աֆղանստանի միջև պատերազմ է սկսվել։ Իրավիճակը սահմանային ընդհարումից վերաճել է լայնածավալ ռազմական գործողությունների՝ ներառելով երկրի խորքերը։ Բախումը սկսվել է փետրվարի 24-ին երկու երկրների սահմանակետերից մեկում աֆղանցի մահապարտի իրականացրած ահաբեկչական պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել են պակիստանցի ծառայողներ։ Պակիստանն արձագանքել է լայնածավալ ռազմական գործողություններով՝ հայտարարելով, որ «բաց պատերազմի» մեջ է Աֆղանստանի դեմ։ 

Մարտական գործողությունները սահմանի ամբողջ երկայնքից բացի, ուղեկցվում են ավիրահարվածներով՝ ընդգրկելով Աֆղանստանի խոշոր կենտրոնները։ Միջազգային մի շարք աղբյուներ նշում են անգամ Աֆղանստանում գործող իշխանության գերագույն առաջնորդ Հիբաթուլլահ Ախունդզադեի սպանվելու հավանականության մասին։ Պակիստանյան կողմի տվյալներով՝ սպանվել է 122 աֆղանցի, ավելի քան 200-ը վիրավորվել։ Աֆղանական կողմը նշում է 8 զոհի և 11 վիրավորի մասին։ Բացի այդ, Աֆղանստանը վստահեցնում է, որ կարողացել է չեզոքացնել 55 պակիստանցի զինվորի։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Աֆղանստանում հայտարարվել է արտակարգ դրություն, մարդկանց տեղաշարժը խստիվ սահմանափակվել է, ժամանակավորապես չեն աշխատում երկրի բանկերն ու հասարակական այլ հաստատություններ։

Աֆղանստանի ու Պակիստանի վեճը

Աֆղանստանի ու Պակիստանի միջազգայնորեն ճանաչված 2640 կմ-ոց սահմանին, որը հայտնի է որպես Դյուրանդի գիծ, հաճախ են լինում միջադեպեր։ Աֆղանստանն այդ սահմանը համարում է գաղութային գիծ և վիճարկում է այն։ Կողմերի միջև սահմանային բախումները հաճախակի բնույթ են կրել նաև վերջին ժամանակներում՝ հատկապես 2021-ից հետո, երբ Աֆղանստանում իշխանության վերադարձավ Տալիբան շարժումը՝ պաշտոնապես փոխելով երկրի անունը Աֆղանստանի Իսլամական Էմիրության։ Այդ ժամանակից ի վեր Քաբուլի ու Իսլամաբադի հարաբերությունները բարդացել են։ 

Պակիստանը վիճարկում է Աֆղանստանում գործող որոշ խմբերի գործունեությունը՝ նրանց համարելով ահաբեկիչներ։ 

Աֆղանստանում ամենամեծ էթնիկ խումբը փուշթուններն են՝ ընդհանուր 35-50 միլիոն բնակչության ավելի քան 40 տոկոսը, իսկ Պակիստանում՝ երկրորդ ամենամեծ էթնիկ խումբը՝ ընդհանուր 250 միլիոն բնակչության մոտ 20 տոկոսը։ Փուշթունների խնդիրները նույնպես առանցքային են երկկողմ հարաբերություններում։ 

Տարածաշրջանով զբաղվող փորձագետները զգուշացնում են, որ այս բախումները կարող են վերաճել լայնածավալ պատերազմի։

Երկու երկրների միջև լարվածության պատճառ կարող է լինել նաև հնդկական գործոնը։ Հնդկաստանը՝ Պակիստանի թշնամին և գլխավոր ախոյանը, տարատեսակ աջակցություն է ցուցաբերում Աֆղանստանին։ 

Աֆղանստանի ու Պակիստանի միջև վերջին խոշոր լարվածությունը 2025-ի հոկտեմբերին էր, որը չվերաճեց լայնածավալ գործողության։ Այն ժամանակ խնդիրը հանգուցալծուվեց Կատարում՝ հյուրընկալող կողմի ու Թուրքիայի միջնորդությամբ։

Աֆղանստանի ու Պակիստանի հարաբերություններում կարևոր դեր ունի նաև Չինաստանը՝ Պակիստանի աջակիցը և Հնդկաստանի գլխավոր հակառակորդը։ Պեկինը մեծ ազդեցություն ունի թե՛ Պակիստանում, թե՛ Աֆղանստանում և արդեն իսկ հանդես է եկել միջնորդական առաքելության առաջարկով։

Փորձագետները նշում են, որ ճգնաժամն առանց արտաքին լուրջ դերակատարների միջնորդության կարող է ծավալվել երկար և ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը։ 

Միջնորդ կարող է լինել նաև Իրանը, որն ընդհանուր սահման ունի թե՛ Աֆղանստանի, թե՛ Պակիստանի հետ։ Իրանն ինքը, սակայն, ներկայում անվտանգային լուրջ ճգնաժամի առաջ է ԱՄՆ-ի հետ իր բանակցություններում։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում