Մեր ծրագիրը հասարակության կողմից ռեժիմի մերժումն է. Կարապետ Ռուբինյան

ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն, այսօր Ազատության հրապարակում ելույթ ունենալով, նշեց, որ պիտի լինեն հեղափոխական փոփոխություններ, և «մենք հասնելու ենք դրան»: Նա փաստեց, որ այս օրերին շատերն են փորձում հուսահատեցնել ժողովրդին՝ ասելով, թե նույնիսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները ընդունվեն, փոփոխությունը կլինի միայն տաս տոկոս: Ռուբինյանը նշեց, որ ոչ թե տաս տոկոսի, այլ հեղափոխական բարեփոխումների կհանգեցնի իշխանափոխությունը, քանի որ չի լինի տնտեսական, սոցիալական, քաղաքական այն անարդարությունը, որն այսօր խոչընդոտում է բոլոր ոլորտների զարգացումը:

«Ուրեմն որ Սերժ Սարգսյանը փակ հավաքներ է անում ու տարբեր սեռի չեբուրաշկեքի հետ հանդիպում, դա դեմագոգիա չէ, իսկ երբ Րաֆֆին գնաց տարբեր քաղաքներ, որտեղ մարդիկ իրենց «ոչ»-ն ասեցին իշխանությանը, դա դեմագոգիա՞ է, հա՞: Կա մի շերտ, որ ստիպված, վախենալով գնում ու իր ձայնն է տալիս Սերժ Սարգսյանին, մենք կարող ենք էդ մարդկանց խղճալ, կարեկցել, ոմանց էլ՝ ներել, բայց կան մարդիկ, որ իրենց նյութապաշտությունը արդարացնելու համար սկսում են հիմար հիմնավորումներ բերել, որ մեր ժողովրդին թևաթափ անեն ու ասեն՝ էս ա որ կա, պիտի համակերպվեք»,- ասաց նա:

Նա նշեց, որ հիմա հայ ժողովրդի քաղաքական փորձը շատ ավելին է, քան 5-10 տարի առաջ, և «Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այն մարդն է, որ ի վիճակի է համախմբել հասարակության շատ ու շատ խմբեր»: Այսօր իսկ տեսնում ենք, որ ի վիճակի է համախմբել քաղաքական, հասարակական շատ ու շատ խմբերի: Էդ համախմբումը պիտի ծառայեցնենք մեր հաղթանակի համար: Ի վերջո ծրագիրն այն է, որ հասարակությունը ոտքի է կանգնում, մերժում է ռեժիմը և ստեղծում է այնպիսի պայմաններ, որ նրանք հեռանան»,- ամփոփեց Ռուբինյանը:

Մեկնաբանել