Իմ կյանքի գնով հայ ժողովուրդը տոնելու է իր հաղթանակը. Րաֆֆի Հովհաննիսյան

Մենք այս հաղթանակի համար ամեն ինչ ենք տվել. պատրա՞ստ եք տանել այս հաղթանակը՝ բոլոր ճնշումներով. Ազատության հրապարակում հարցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Այո»,- արձագանքեցին հավաքվածները:

«Մենք մեկ ենք դարձել, և այդ միասնությունն այլևս ոչ ոք մեզնից չի տանելու: Վաղը ես նամակ եմ ուղարկելու Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին և Տարոն Մարգարյանին և հրավիրելու եմ մարտի 5-ին՝ ժամը 5:00-ին հրապարակ: Եվ դա անելու եմ սիրով, բարևով, ժպիտով: Թող գան ու տան իրենց հրաժարականը, իրենց ինքնաբացարկը: Հետայսու, ՀՀ բոլոր գրասենյակները պատկանում են ժողովրդին, դրա համար թող որևէ տարընթերցում, տարակույս, կասկած չլինի, եթե որևէ մեկը մինչև մարտի 5-ը հրավիրի իր գրասենյակ, ես կգնամ, քանի որ այդ գրասենյակը այլևս պատկանում է հայ ժողովրդին:

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության ապագան կերտողներ, պիտի լինենք հետևողական, միասնական և ուժեղ: Եվ որքան էլ խոսքս ցավ պատճառի Արմենուհուն. իմ կյանքի գնով հայ ժողովուրդը մինչև ապրիլի 9-ը տոնելու է իր հաղթանակը…

Թող ոչ մեկը կասկած չապրի, վաղը հանված է, տառապանքը ալ հերիք է, մեր ժողովուրդը միասնական է. վաղը և մյուս օրը Լոս Անջելեսում և այլուր հավաքներ են լինելու՝ հանուն հաղթանակի:

Արդեն «Ժառանգություն»-ը չկա, խոնարհել է իր դրոշը և լուծվել ժողովրդին»,- նշեց Հովհաննիսյանը՝ կոչ անելով մյուս կուսակցություններին էլ խոնարհել կուսակցական դրոշները և միանալ միասնական պայքարին:

Ազատության հրապարակում ելույթ կունենա նաև սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանը:

Մեկնաբանել