Հարավային Կորեայի նոր տնտեսական հրաշքը

Վերջին քսան տարիների ընթացքում Հարավային Կորեայում ՀՆԱ-ն եռապատկվել է, սակայն իրական աշխատավարձերը դրա կեսից էլ քիչ են աճել, և տնտեսական աճը քիչ է արտացոլվում սովորական մարդկանց կյանքի վրա: Հարավային Կորեայի տնտեսության կառուցվածքային խնդիրների մասին Project-syndicate.org կայքում «Հարավային Կորեայի նոր տնտեսական հրաշքը» վերնագրով հոդված է հրապարակել McKinsey խորհրդատվական ընկերության Հարավային Կորեայի մասնաճյուղի ղեկավար Վոնսիկ Չոյը (Wonsik Choi ): Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Պարկ Չուն Հոն վերջերս ստանձնեց Հարավային Կորեայի նախագահի պաշտոնը, երկիր, որը տնտեսական զարգացման գլոբալ մոդել է եղել: Սակայն տնտեսական աճի դանդաղմանը զուգահեռ՝ այդ երկիրը դարձել է տնտեսության նորացման կարիք ունեցող մոդել:

Այսպես կոչված «Հան գետի վրայի հրաշքի» հիմքում Պարկի հանգուցյալ հոր՝ երկիրը 1960-70-ականների ժամանակահատվածի մեծ մասում կառավարած Պարկ Չունգ Հիի բարեփոխումներն են: Հարավային Կորեայի հաջողության հիմնական ցուցանիշն այն է, որ այն միակ պետությունն էր, որը ՏՀԶԿ-ից օգնություն ստացող երկրից վերածվեց դոնոր երկրի՝ այսօր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ավելի քան 30 հազար դոլար (գնողունակության պարիտետով) ցուցանիշով:

Սակայն տնտեսական աճի ֆորմուլան, որ երկար տարիներ հիմնված էր արտահանմանն ուղղված արտադրության՝ պետության կողմից ուղղորդվող կապիտալիզմի վրա, շատ հարավկորեացիների համար այլևս չի աշխատում: Վերջին քսան տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն եռապատկվել է, մինչդեռ իրական աշխատավարձերը դրա կեսից էլ քիչ են աճել, և տնտեսական աճը քիչ է արտացոլվում սովորական մարդկանց կյանքի վրա:

Միջին եկամուտներ ունեցող տնային տնտեսությունների կեսից ավելին ամսական ավելի շատ է ծախսում, քան վաստակում: Սոցիալական լարվածությունը բազմապատկվում է: Հարավային Կորեայում ամուսնալուծությունների ցուցանիշը կրկնապատկվել է, ծնելիության ցուցանիշը զարգացած երկրների շարքում հասել է մինչև չորրորդ ամենացածր ցուցանիշին, իսկ ինքնասպանությունների ցուցանիշով Հարավային Կորեան առաջին տեղում է ՏՀԶԿ երկրների շարքում:

Հարավային Կորեան անհանգստացած է երկու հիմնական պատճառով: Նախ՝ չնայած տնտեսության որոշ հատվածներ ռեկորդային ժամանակահատվածում կարողացել են հասնել ինդուստրիալիզացիայի բարձր մակարդակի, տնտեսության այլ հատվածներ (և հաստատություններ) չեն հասցնում դրա հետևից: Արդյունաբերական այնպիսի կոնգլոմերատներ, ինչպիսիք են Hyundai-ն, LG-ն և Samsung-ը, վերածվել են բարձր արտադրողականությամբ համաշխարհային գիգանտների, որոնց տնտեսական աճը ավելի քիչ աշխատատեղեր է ստեղծում երկրում, քան նախկինում: Երկրի ամենախոշոր ընկերություններում զբաղվածությունն անկում է ապրում, իսկ այդ ընկերություններում հարավկորեացի աշխատակիցների թիվը կրճատվել է մինչև 1/3 մասի՝ 1995թ. հետ համեմատած:

Սակայն Հարավային Կորեան չունի ծառայությունների զարգացած սեկտոր, որպեսզի կարողանա բարձր վարձատրվող նոր աշխատատեղեր ապահովել: Ավելին՝ ծառայությունների ինդուստրիան խոշոր արտադրողներից արտադրողականության և աշխատավարձերի առումով էապես հետ է մնում:

Սա հանգեցնում է երկրորդ մարտահրավերին՝ միջին եկամուտ ունեցող տնային տնտեսությունների ֆինանսական ծանր դրությանը: Շատ ընտանիքներ առերեսվում են աշխատավարձերի լճացման խնդրին՝ ներկայում հասանելի աշխատանքի տեսակների պատճառով, սակայն շարունակում են կառչած մնալ այն կենսաձևին, որը նրանք այլևս չեն կարողանում իրենց թույլ տալ: Ընտանիքները, որտեղ երեխաներ կան, ստիպված են մասնակցել աճող «կրթական մրցավազքին», իրենց եկամուտների մեծ մասը ծախսում են մասնավոր կրթության և երեխաների՝ հեղինակավոր համալսարաններ ընդունվելու համար հավելյալ պարապմունքների վրա՝ նպատակ ունենալով նրանց համար ապահով աշխատանքի հնարավորություն ստեղծել մեծ կորպորացիաներում:

Միջին եկամուտ ունեցող ընտանիքները նույնպես ձգտում են տներ գնել՝ չնայած այն բանին, որ անշարժ գույքի գների և բնակչության եկամուտների միջև հարաբերակցությունը ավելի բարձր է, քան մյուս բոլոր զարգացած երկրներում, և որ բնակարանային ֆինանսավորման համակարգը վարկերի բարձր տոկոսադրույքներ է առաջարկում: Հարավկորեացի կանայք նախկինի նման դուրս են մնում աշխատանքից, երբ նրանք ամուսնանում կամ երեխա են ունենում, ընտանիքների միայն 38 տոկոսում է, որ երկու հոգի է աշխատում (այս ցուցանիշը կրկնակի ցածր է ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշից):

Միջին եկամուտ ունեցող տնային տնտեսությունների համար ամենակործանարար ազդեցություններից մեկը կրթության մրցավազքի գինը և կամավոր մեկ երեխա ունենալու քաղաքականությունն է, որը ծնելիության ցուցանիշը մեկ կնոջ հաշվով կրճատել է մինչև 1,2-ի, որը զարգացած արդյունաբերական երկրների շարքում ամենացածր ցուցանիշն է: Բնակչությունը մեծ արագությամբ ծերանում է, և աշխատունակ տարիքի հասնող բնակչության հոսքը բացասական է եղել:

Անգործության պարագայում տնտեսությանը սպառման անկում և անգամ արտադրության կրճատում է սպառնում: Հարավային Կորեան ծայրահեղ կարիք ունի միջին եկամուտ ունեցող տնային տնտեսությունների նկատմամբ ճնշումները մեղմելու և աճի նոր ֆորմուլայի ստեղծման, որը հիմնված կլինի գլոբալ առումով ծառայությունների մրցունակ սեկտորի և փոքր ու միջին բիզնեսների վրա, որոնք բարձր վարձատրվող աշխատատեղեր են ապահովում:

Խոշոր բարեփոխումներ են անհրաժեշտ միջին եկամուտ ունեցող ընտանիքներին օգնելու՝ նրանց ուժերից վեր ամսական բնակարանային և կրթության պարտադիր վճարները կատարելու համար: Բնակարանային վճարներն ավելի բարձր են, քանի որ հիփոթեքային վարկերը կարճաժամկետ են (միջինը՝ տասը տարով), իսկ «վարկ-գին» հարաբերակցության խիստ սահմանափակումները վարկառուներին ստիպում են հավելյալ՝ ավելի թանկ վարկեր վերցնել երկրորդ հերթի վարկատու կազմակերպություններից ու ոչ ֆինանսական ընկերություններից:

Այս պայմանները պետք է փոխվեն: Քանի որ բանկերն ավելի շատ ռիսկ պետք է վերցնեն իրենց վրա, երկրորդային հիփոթեքային շուկայի կարիքը կա: Քաղաքականություն մշակողները պետք է նկատի ունենան նաև տների նկատմամբ պահանջարկը նվազեցնելու միջոցառումները, այդ թվում՝ բնակարանային շինարարության մեջ ապահովագրական և այլ ընկերությունների նկատմամբ ներդրումային գործունեություն իրականացնելու սահմանափակումների թուլացումը՝ դրանով իսկ միջին եկամուտ ունեցող տնային տնտեսությունների համար ստեղծելով ավելի նպաստավոր պայմաններ տան վարձակալության համար:

Հարավային Կորեան կարիք ունի նաև բարելավելու իր հանրակրթական դպրոցները, հատկապես միջնակարգ կրթության մակարդակում, և էապես լավացնելու մասնագիտական վերապատրաստման որակը: Ընտանիքները գումար են ներդնում մասնավոր կրթության մեջ, քանի որ վախենում են, որ պետական կրթական համակարգն իրենց երեխաներին գիտելիքների բավարար մակարդակ չի տա՝ հեղինակավոր համալսարան ընդունվելու և լավ աշխատանք ունենալու համար: «Մեյսթեր» ավագ դպրոցները, որոնք բացվեցին 2010թ.՝ հատուկ նպատակ ունենալով երիտասարդներին վերապատրաստել բարձր որակավորում պահանջող աշխատանքների համար, քայլ առաջ են այդ ուղղությամբ:

Ծառայությունների ագրեսիվ զարգացումը, ինչպիսիք են տրանսպորտը, մանրածախ առևտուրը, ռեստորանները, որոնք այսօր հիմնականում տնօրինում են ցածր արդյունավետությամբ և քիչ վճարող տեղական ընկերությունները, մեկ այլ պարտադիր լուծում պահանջող խնդիր է: Հարավային Կորեան հրաշալի հնարավորություններ ունի զարգացնելու իր առողջապահական ծառայությունները և մրցակցելու գլոբալ առողջապահական զբոսաշրջության բիզնեսում: Զբոսաշրջության մյուս տեսակները նույնպես կարելի է զարգացնել՝ մշակութային և սպորտային հանգրվաններից առավելագույն օգուտ քաղելու: Ֆինանսական ծառայությունների ոլորտում կառավարությունը պետք է նպատակ դնի ստեղծել երեք-չորս տարածաշրջանային առաջատար ընկերություններ:

Վերջապես, կորեացիները պետք է կրկին սովորեն, որ ձեռնարկատիրությունը, որ կառուցել է chaebol-ը՝ ընտանիքների պատկանող արդյունաբերական կոնգլոմերատները, որոնք նպաստել են տնտեսական զարգացմանը: Այսօր Հարավային Կորեան ունի ընտանիքների պատկանող բազմաթիվ փոքր բիզնեսներ, սակայն շատ ավելի քիչ ձեռներեցներ:

Փոքր և միջին ձեռնարկությունների ավելի դինամիկ զարգացման համար, որոնք վաղը կարող են դառնալ միջազգային մասշտաբով մրցունակ ընկերություններ, հարկավոր է վերացնել դրանց աճի խոչընդոտները, օրինակ՝ ընտանեկան բիզնեսի ժառանգության համար հարկերից ազատումը, ինչը ձեռնտու է այն ձեռնարկատերերին, որոնք չեն մեծացնում իրենց ընկերությունների չափերը: Անհրաժեշտ են նաև սնանկության մասին հայտարարելու համակարգ, որը ձեռներեցներին թույլ կտա վերապրել անխուսափելի անհաջողությունները, մտավոր սեփականության ավելի ուժեղ պաշտպանություն, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրներից օգտվելու ավելի լավ հնարավորություններ:

Պարկը իշխանության է եկել Հարավային Կորեայի պատմության մեջ բախտորոշ մի ժամանակ: Նոր կառավարությունը նոր պրագմատիկ քայլեր ձեռնարկելու կարիք ունի, որոնց միջոցով հնարավոր կլինի հաղթահարել այսօրվա տնտեսական մոդելի սահմանափակումները և երկիրը փրկել աճի նվազման դանդաղումից, բարձր գործազրկությունից և անհավասարության մեծացումից: Խնդիրը ոչ ավել, ոչ պակաս՝ Հարավային Կորեայում Հան գետի վրա երկրորդ տնտեսական հրաշքի իրականացումն է:

Մեկնաբանել