Իրանն անօդաչուներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին․ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացվել Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված այս անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնք վնասել են օդանավակայանի շենքը և վիրավորել երկու քաղաքացիական անձանց։
Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության սրմանը։
Մենք պահանջում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը անհապաղ պարզաբանի այս հարցը, բացատրություն տա և ձեռնարկի անհրաժեշտ անհապաղ միջոցներ՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանն իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ պատասխան միջոցներ։
Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
«Իրանական կողմին կներկայացվի խիստ բողոք, և կուղարկվի համապատասխան բողոքի նոտա»,- հայտնել են նախարարությունից։
Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակել, որտեղ պայթյունի կադրեր են երևում։
Օդանավակայանի մոտակայքում գտնվող դպրոցներում դասերը դադարեցվել են, իսկ ուսուցիչներն ու աշակերտները տարհանվել են։ Հայտնել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կրթության նախարարությունը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
Մարտի 4-ին էլ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը Իրաքի և Սիրիայի օդային տարածքով շարժվում էր դեպի Թուրքիա, չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մարտի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ և փոխանցել երկրի պաշտոնական արձագանքը՝ կոչ անելով զերծ մնալ հակամարտության ընդլայնմանը նպաստող քայլերից։
Civilnet










