Թեհրանը հերքում է Նախիջևանին հարվածելու լուրը և Իսրայելին մեղադրում դավադրություն կազմակերպելու մեջ

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Իրանից Ադրբեջանի տարածք անօդաչու թռչող սարքերի արձակման մասին տեղեկությունը։
Գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, հարգելով բոլոր երկրների, հատկապես մուսուլման և հարևան պետությունների ինքնիշխանությունը, հերքում է զինված ուժերի կողմից Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը։
«Նմանատիպ գործողությունները սիոնիստական կեղծ ռեժիմի կողմից տարբեր եղանակներով մուսուլմանական երկրների հարաբերությունները խաթարելու փորձերի նախադեպեր ունեն, և կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ տվյալ քայլն իրականացվել է հենց այդ ռեժիմի կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրելու նպատակով» ,- ասված է հաղորդագրության մեջ։
Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբաբադին ևս հայտարարել է, որ Իրանը չի թիրախավորում իր հարևան երկրները։
«Այս միջադեպը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն։ Իրանը չի թիրախավորում իր հարևաններին, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններիս տարածքում գործող օտարերկրյա ռազմաբազաները՝ մասնավորապես ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը, ակտիվորեն օգտագործվում են Իրանի և նրա անմեղ քաղաքացիների դեմ հարձակումներ իրականացնելու համար»,- ասել է իրանցի պաշտոնյան։
Նա վերահաստատել է Թեհրանի նախկինում հնչեցրած պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի՝ տարածաշրջանում գտնվող ցանկացած ռազմական հենակետ, որը կծառայի որպես հարթակ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար, կդառնա իրանական կողմի օրինական թիրախը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքից հարձակումներ են իրականացրել Նախիջևանի միջազգային օդանավակայանի և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Նախարարությունից հայտնել են, որ այդ հարձակումներն անպատասխան չեն մնա։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
Մարտի 4-ին էլ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը Իրաքի և Սիրիայի օդային տարածքով շարժվում էր դեպի Թուրքիա, չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մարտի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ և փոխանցել երկրի պաշտոնական արձագանքը՝ կոչ անելով զերծ մնալ հակամարտության ընդլայնմանը նպաստող քայլերից։
Civilnet










