Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի Խարգ կղզու նավթային ենթակառուցվածքներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի Խարգ կղզու նավթային ենթակառուցվածքներին, եթե Թեհրանը չդադարեցնի հարձակումները Հորմուզի նեղուցում նավերի վրա: Այս մասին հայտնում է reuters-ը:
Մարտի 13-ին ներկայացված վերջնագրին զուգահեռ՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ոչնչացրել է կղզու ռազմական թիրախները, որտեղով անցնում է Իրանի նավթային արտահանման 90 տոկոսը: Թրամփը նշել է, որ ամերիկյան հարվածները չեն թիրախավորել նավթային ենթակառուցվածքները, սակայն նա անմիջապես կվերանայի այդ որոշումը, եթե Իրանը կամ որևէ այլ կողմ խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ տեղաշարժին:
Խարգ կղզին Իրանի տնտեսական և ռազմավարական կայունության հիմնասյունն է, քանի որ հանդիսանում է երկրի հում նավթի արտահանման գլխավոր հաբը: Դրա միջոցով իրականացվում է Իրանի նավթային արտահանման ավելի քան 90 տոկոսը, ինչը կղզին դարձնում է պետական բյուջեի եկամուտների հիմնական աղբյուրը: Բացի տնտեսական նշանակությունից, կղզին ունի կարևոր աշխարհագրական դիրք Պարսից ծոցի հյուսիս-արևելքում և ծառայում է որպես հզորացված ռազմական պատվար՝ հագեցած հակաօդային պաշտպանության համակարգերով ու ռազմածովային բազաներով: Խարգի ենթակառուցվածքների ցանկացած խաթարում ուղղակիորեն կաթվածահար է անում Իրանի արտարժութային հոսքերը և անմիջապես ազդում նավթի համաշխարհային գների վրա՝ կղզին դարձնելով տարածաշրջանի ամենախոցելի և միևնույն ժամանակ ամենապաշտպանված ռազմավարական կետերից մեկը:
Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումները, որոնց բաժին է ընկնում համաշխարհային սպառվող նավթի մեկ հինգերորդը և գազի հսկայական քանակություն, գրեթե դադարեցվել են տարածաշրջանում նավթատար տանկերների վրա իրանական հարձակումների պատճառով։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Իրանի զինվորականները պետք է վայր դնեն զենքերը, քանի որ երկիրը չի կարող պաշտպանվել ամերիկյան հարձակումներից: Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող ցանկացած հարված կհանգեցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ համագործակցող նավթային ընկերությունների օբյեկտների թիրախավորմանը:
Fars գործակալության տվյալներով՝ Խարգ կղզում լսվել է ավելի քան 15 պայթյուն. հարվածներ են հասցվել հակաօդային պաշտպանության համակարգերին, ռազմածովային բազային և օդանավակայանին, սակայն նավթային ենթակառուցվածքները չեն վնասվել:
Իրանական կողմը հայտնել է նաև հինգ անօդաչու թռչող սարք խոցելու մասին:
Մարտի 14-ին հրթիռային հարված է հասցվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը, ինչի հետևանքով շենքից ծուխ է բարձրացել: Միաժամանակ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «Հեզբոլլահի» հետ համատեղ Իսրայելի ուղղությամբ նոր հարվածներ իրականացնելու մասին:
Իսրայելական զինուժն իր հերթին հաստատել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածներում հարվածել է ավելի քան 200 թիրախների, ներառյալ՝ բալիստիկ հրթիռների արձակման կայանքներ և զենքի արտադրամասեր: Նավթի համաշխարհային գները շարունակում են տատանվել փետրվարի 28-ին սկսված այս հակամարտության և Թրամփի հայտարարությունների ֆոնին:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
Տեղադրություն
Civilnet










