Ֆոտոտեխնիկա և էլեկտրատեխնիկա արտադրող ամերիկյան Polaroid ընկերությունը կթողարկի Socialmatic ակնթարթային թվային ֆոտոխցիկը, որը նախատեսված կլինի լուսանկարների անվճար փոխանակման Instagram համակարգից օգտվողների համար, հաղորդում է Engadget-ը:
Socialmatic-ի օգնությամբ հնարավոր կլինի լուսանկարներ կատարել, զտել դրանք, տեղադրել սոցցանցերում (այդ թվում` Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում) և անգամ արտատպել թղթի վրա:
Ֆոտոխցիկը կթողարկվի 2014թ.: Այն կունենա 4,3-դյույմանոց էկրան, 16 Գբ հիշողություն, Bluetooth, Wi-Fi և ըստ ամենայնի` կաշխատի Android օպերացիոն համակարգով: Ֆոտոխցիկն ունի օբյեկտիվը փոխելու հնարավորություն:
Նշենք, որ Socialmatic-ը ADR Studio, Polaroid և C&A Marketing ընկերությունների համատեղ նախագիծն է:
Ներկայում Polaroid-ն արտադրում է ֆոտոտպիչներ և թվային ֆոտոխցկներ: 2012թ. հունվարին ընկերությունը ներկայացրել է սենսորային էկրանով և Android օպերացիոն համակարգով աշխատող ֆոտոխցիկ, որը վաճառքում այդպես էլ չհայտնվեց: