Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդի պաշտոնից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից:
«Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարտ 16, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։
Հայրապետական տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
***
Վայոց Ձորի թեմի առաջնորդի պաշտոնից Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հեռացումը հաջորդում է վերջին ամիսներին նրա անվան հետ կապված մի շարք աղմկահարույց միջադեպերի և ներեկեղեցական հակասությունների:
2025-ի վերջին Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան միացել էր այն եպիսկոպոսներին, որոնք հրապարակավ պահանջեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը՝ Վեհափառին մեղադրելով «միանձնյա և կամայական կառավարման» մեջ։
Այս ընդվզման հետևանքով 2025-ի դեկտեմբերին Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Աբրահամ արքեպիսկոպոսը հեռացվեց Գերագույն հոգևոր խորհրդի կազմից։
Լարվածության մեկ այլ առիթ դարձավ 2025-ի նոյեմբերին Վայոց Ձորի Խաչիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ մատուցված պատարագի ընթացքում, հակառակ եկեղեցական կանոնակարգի, չէր հիշատակվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։ Որպես թեմակալ առաջնորդ՝ Աբրահամ սրբազանի ներկայությունն այդ արարողությանը Մայր Աթոռի կողմից որակվեց որպես «հնազանդության ուխտի» խախտում։
Civilnet











