Համեստ հեռանկարով

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում ընդունվել է երկու ռազմավարական ծրագիր՝ ուղղված աղքատության հաղթահարմանն ու երկրի կայուն զարգացմանը։ Վիճակն իրականում դրանից չի փոխվել։

Կառավարությունը 2003թ. սկսեց իրականացնել «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը», իսկ 2008թ. որոշեց անցում կատարել «Կայուն զարգացման ծրագրին»։ Ներկայում քննարկվում է «Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (2012-2025 թթ. համար)» նախագիծը։ Յուրաքանչյուր հաջորդ ծրագրում թիրախները համեստանում են։ Կառավարությունն այժմ կանխատեսում է, որ մինչև 2025թ. Հայաստանի միջին տնտեսական աճը կլինի 6,5%-ի շրջանակում, իսկ աղքատության մակարդակը 2025թ. կկազմի 14%՝ 2011թ. 35%-ի դիմաց։

Օրերս Դիլիջանում քննարկված «Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը» մշակվել է այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից։ Նոր ծրագրի անհրաժեշտությունը ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ «Կայուն զարգացման» ծրագրով ամրագրված թիրախները և լուծումներն այլևս չեն համապատասխանում ճգնաժամային 2009-ից հետո ստեղծված իրավիճակին։ Այդ ծրագիրն ընդունվել է 2008թ., երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը գագաթնակետին էր, իսկ կառավարությունում չէին էլ շտապում գնահատել արտաքին միջավայրի հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա։ Արդյունքում «Կայուն զարգացման» ծրագիրը մեռելածին ստացվեց, քանի որ 2009թ. համար կանխատեսված 9,5% տնտեսական աճի փոխարեն արձանագրվեց 14,1% անկում, իսկ 2010թ. համար կանխատեսված 8,5%-ի դիմաց՝ միայն 2,2%։

Յուրաքանչյուր նմանատիպ ծրագիր առաջին հերթին ուղղած է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, աղքատության կրճատմանը։ Թեև «Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը» նախագծային տարբերակով է, նրանում ներկայացված ուղենշային ցուցանիշները բավական համեստ են։

Այսպես՝ ծրագրի նախագծով կանխատեսվում է, որ 2017թ. աղքատության մակարդակը երկրում կլինի 23% (2010թ.՝ 35,8%-ի դիմաց), 2021թ.՝ շուրջ 18%, 2025թ.՝ շուրջ 14%։ Համեմատության համար նշենք, որ «Կայուն զարգացման» ծրագրով նախատեսված էր, որ 2012թ. աղքատության մակարդակը պետք է կազմեր 14%, իսկ 2021թ.՝ 6,8%։

Իհարկե, այս երկու փաստաթղթերում ցուցանիշները համադրելի չեն, քանի որ մինչև 2009թ. Ազգային վիճակագրական ծառայությունն աղքատությունը հաշվարկում էր «հին» մեթոդաբանությամբ, իսկ 2009-ից կիրառվում է նոր մեթոդաբանությունը։ Այդուհանդերձ, նախագծում աղքատության մակարդակը հաշվարկվել է հին մեթոդաբանությամբ, և ըստ այդմ՝ 2021թ. աղքատության մակարդակը կկազմի 14,4%, 2025թ.՝ 11%։ Սա այն դեպքում, երբ «Կայուն զարգացման» ծրագրով 2012թ. այն պետք է կազմեր 6,8%։

Համեմատությունից ստացվում է, որ կառավարության սպասումները բավական համեստ են, ինչի արդյունքում տասներկու տարի անց Հայաստանում լինելու է շուրջ 300 հազ. աղքատ, այն դեպքում, երբ «Կայուն զարգացման» ծրագրով այդ թիվը 2021թ. պետք է լիներ մոտ 100 հազ.։

Հայաստանում աղքատության մակարդակը կտրուկ աճեց 2009թ. ճգնաժամի հետևանքով։ 2009թ. աղքատ բնակչության մասնաբաժինն աճեց առաջին անգամ՝ 1999-ից ի վեր՝ կազմելով 28,7%, իսկ 2010թ.՝ 28,9% («հին մեթոդաբանությամբ»)։

Ինչպես մինչև ճգնաժամը, ներկայում ևս տնտեսական աճը դիտարկվում է որպես աղքատության հաղթահարման հիմնական գործոն։ Ծրագրի նախագծում նշվում է, որ աղքատության կրճատման հիմնական գործոննը կլինիտնտեսական աճով պայմանավորված բնակչության աշխատանքային եկամուտների աճը, այդ թվում՝ աղքատ բնակչության աշխատանքային եկամուտների առաջանցիկ աճը, ինչպես նաև սոցիալական ապահովագրությանն ու սոցիալական աջակցությանն ուղղված պետական ծախսերի ու դրանց նպատակայնության աճը։

Պարզ ասած՝ աղքատության կրճատման գործիքներից մեկը լինելու է նոր աշխատատեղերի ստեղծումը։ Հաշվարկվել է, որ 2017թ., 2011թ. համեմատ, զբաղվածների թիվը կավելանա շուրջ 50 հազ-ով, իսկ 2021թ., 2011թ. համեմատ՝ 101 հազ-ով, 2025թ.՝ շուրջ 157 հազ-ով։ Ակնկալվում է, որ 2025թ. ոչ գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը կհասնի 871 հազ-ի։

Հաշվարկվել է, որ միջին հաշվով 2013-2025 թթ. 1-տոկոսային կետ տնտեսական աճը հանգեցնելու է 0,18-տոկոսային կետ զբաղվածության մակարդակի աճի: Ուշագրավ է, որ նախագծում չի նշվում, թե է 1-տոկոսային կետ տնտեսական աճի արդյունքում որքանով է կրճատվում աղքատության մակարդակը։ Սա այն դեպքում, երբ հաշվարկվել է, որ 2004-2008 թթ. ՀՆԱ-ի աճը 1-տոկոսային կետով պայմանավորել է աղքատության մակարդակի նվազում 0,57-տոկոսային կետով:

Մեկնաբանել