Արգենտինան չի ճանաչի Ֆոլքլենդներում հանրաքվեի արդյունքները

Լոնդոնում Արգենտինայի դեսպան Ալիսիա Կաստրոն հայտարարել է, թե հանրաքվեն, որ առաջիկա հանգստյան օրերին անցկացվելու է Ֆոլքլենդյան կղզիներում, որևէ կերպ չի ազդի Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև կղզիների պատկանելության վերաբերյալ տարաձայնության վրա, հաղորդում է BBC-ն։

Ակնկալվում է, որ հանրաքվեի շրջանակում Ֆոլքլենդյան կղզիների (որոնք Արգենտինան անվանում է Մալվինյան) բնակիչները կհաստատեն իրենց՝ բրիտանական անդրծովյան տարածք մնալու ցանկությունը։

Դեսպան Ալիսիա Կաստրոն հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները ուշադրության չեն առնվի, քանի որ հանրաքվեն չի ստացել ՄԱԿ-ի հավանությունը։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը քննադատել է Արգենտինայի դիրքորոշումն այն բանի համար, որ վերջինս չի ճանաչում հանրաքվեի արդյունքները նախքան քվեարկության անցկացումը։

Հիշեցնենք, որ Ֆոլքլենդյան կղզիները Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև վեճի առարկա են դեռ շատ վաղուց։ Դրանք 1833-ից համարվում են Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք, կղզիներում տեղակայված են բրիտանական ռազմաբազաներ:

Արգենտինան, որը երբեք էլ չի ճանաչել Ֆոլքլենդյան կղզիների բրիտանական պատկանելությունը, 1982թ. ապրիլի 2-ին որոշեց վիճարկել կղզիների կարգավիճակը՝ սկսելով Ֆոլքլենդյան պատերազմն ու գրավելով Ֆոլքլենդյան կղզիները և Հարավային Ջորջիա կղզին: Պատերազմը, որը տևեց 74 օր, 1982թ. հունիսի 14-ին ավարտվեց Արգենտինայի պարտությամբ։

Մեկնաբանել