Կիպրոսի բանկերում արտաքին աուդիտ կանցկացվի

Կիպրոսը սեփական բանկերում արտաքին աուդիտի իրականացման մասին որոշում է ընդունել:  Դա միջազգային դոնորների «եռյակի»՝ Եվրամիության, ԵԿԲ-ի և ԱՄՀ-ի կողմից ֆինանսական աջակցության տրամադրման պայամններից է:

Ըստ տնտեսական հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենի՝ աուդիտի անցկացումը Կիպրոսում «փողերի լվացման» դեմ պայքարի օրենսդրության պահպանամն ստուգման լավագույն գործիքն է:

Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբլումը իր հերթին նշել է, որ Կիպրոսի նոր իշխանությունների՝ եվրոպացի գործընկերների հետ առավել սերտ համագործակցության ձգտումը ճիշտ ճանապարհին ուղղված քայլ է:

Եվրախմբի նախագահը՝ մյուս կողմից՝ չի նշել՝ կտուժեն արդյոք ավանդատուները Կիպրոսին ֆինանսական աջակցության տրամադրման դեպքում:

«Նոր կառավարությունը նոր-նոր է անցել իր լիազորությունների կատարմանը: Մենք հանդիպել ենք Կիպրոսի մեր գործընկերների հետ, որոնք ներկայացրել են կառավարության հետագա ծրագրերը», -ասել է Դեյսելբլումը:

2012թ. վերջին գերմանական մի շարք զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուսաստանի քաղաքացիների՝ Կիպրոսի բանկային հաշվեհամարաներում պահվող գումարների ծավալը $26 մլրդ է:Այդ գումարների մի մասը անօրինական է, և եթե Կայունացման եվրոպական մեխանիզի գումարների մի մասն ուղղվի բանկային համակարգի աջակցմանը, դրանից կօգտվեն նաև Կիպրոսի բանկերի միջոցով «փողեր լվացող» հաճախորդները:

Օտարերկրացիների համար Կիպրոսի բանկային համակարգի մեծ գրավչությունը պայմանավորված է  դրա առավելություններով: Ուշագրավ է, որ Կիպրոսի նախկին իշխանությունները դեմ էր աուդիտի անցկացմանը, ինչն էլ արտաքին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական խոչընդոտն էր:

Նիկոսիան «եռյակի» հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել նոյեմբերին, սակայն աջակցության տրամադրման մասին դեռ որոշում չի կայացվել: Կիպրոսի պետպարտքը ներկայում կազմում է ՀՆԱ-ի 90%-ը: Երկրի իշխանությունները անհրաժեշտ գումարը $16 մլրդ են գնահատել, որը շուրջ երկու անգամ գերազանցում է երկրի պարտքային ծանրաբեռնվածությունը: Դրա 10 մլրդ-ն անհրաժեշտ է բանկերի վերակապիտալիզացիայի համար, որոնք մեծածավալ վնասներ են կրել  Հունաստանի դեֆոլտի հետևանքով:

Փետրվարի 24-ի ընտրություններում Կիպրոսի նախագահ է ընտրվել ընդդիմադիր «Դեմոկրատական հավաք» կուսակցության նախագահ Նիկոս Անաստասիադիսը՝ ստանալով ձայների 57,48%-ը: