Ֆաբիո Կապելո. Կասանոն չգիտի, թե ինչ է հարգանքը

Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն, ով ժամանակին աշխատել է «Ինտերի» հարձակվող Անտոնիո Կասանոյի հետ, քննադատել է վերջինիս վարքը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Անտոնիո Կասանոյի և «Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնիի միջև վեճ է տեղի ունեցել, որից հետո ֆուտբոլիստը չի մասնակցել «Կատանիայի» հետ հանդիպմանը և տուգանվել է 40 հազար եվրոյով:

«Կասանոն, ընդհանուր առմամբ, լավ երիտասարդ է: Շատ առատաձեռն է և տաղանդավոր: Նրա հիմնական խնդիրն այն է, որ չգիտի, թե ինչ է հարգանքը:

Անտոնիոն պետք է հասկանա, որ երբեմն պետք է ընդունել այլ մարդկանց որոշումները: Իսկ իր բնավորության պատճառով նա կարող է ընկնել իր թիմակիցների աչքից», – ասել է Կապելոն Rai հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: