Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին կմեկնի Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը նախատեսում են քննարկել ռուս-հայաստանյան ռազմավարական գործընկերության և դաշինքի ներկա վիճակը և հեռանկարները, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային արդիական հարցեր, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը։
Փաշինյան-Պուտին նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՌԴ նախագահի հետ նախատեսվող հանդիպմանը հայտարարել էր, որ ինքն է հանդիպում խնդրում Ռուսաստանի նախագահից, քանի որ այլ հակառակը մտածել կնշանակի իրականության զգացումը կորցնել։
«Ինչքան հանդիպում եղել է՝ 90 տոկոսը ես եմ խնդրել։ Այդ հանդիպումները ես խնդրում եմ մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար»,- ասել էր Փաշինյանը։
Թեմա
Civilnet









