Գլխավոր Լրահոս

Կաթողիկոսի հեռացումը՝ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում

Կաթողիկոսի հեռացումը՝ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում

Սիրանուշ Ադամյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների իր նախընտրական ծրագրում ներառել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» օրակարգ, որի առանցքային կետերից մեկը Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացումն է։ 

Ապրիլի 3-ին հրապարակված ծրագրում նշվում է, որ «արժեքահեն հասարակություն» ձևավորելու համար անհրաժեշտ է ամրապնդել հոգևոր կյանքը՝ այն դիտարկելով որպես «հավատացյալ հանրության երջանկությունն ապահովելու» կարևոր գործոն»։ Ծրագրում չի նշվում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։

Կուսակցությունը պնդում է, որ եկեղեցու «փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունն օտարվել է» և շարունակում է օտարվել եկեղեցուց։

Ծրագրում նաև հնչում են անվտանգության բնույթի գնահատականներ՝ նշելով, որ այդ գործընթացը «հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձ անեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ»։

Այս գնահատականների հիման վրա ՔՊ-ն առաջարկում է «ճանապարհային քարտեզ», որը ներառում է.

  • «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում)»,

  • կաթողիկոսական տեղապահի ընտրություն,

  • եկեղեցու կանոնադրության ընդունում՝ ֆինանսական թափանցիկության և բարեվարքության մեխանիզմներով,

  • նոր կաթողիկոսի ընտրություն։

Բացի այդ, ծրագրում նշվում է, որ իշխանությունը մտադիր է հոգևորականներին ներառել սոցիալական երաշխիքների պետական համակարգում։

Փաստաթուղթը վերահաստատում է, որ Հայաստանը «աշխարհիկ պետություն է», որտեղ «կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից», և պնդում է, որ եկեղեցու բարենորոգումը պետք է ծառայի «եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելուն»։

Քննադատներն այսօրինակ գործողությունները համարում են պետության միջամտություն եկեղեցու ներքին գործերին։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ եկեղեցին և պետությունը տարանջատված են, իսկ կրոնական կառույցների ինքնակառավարումը ենթակա չէ գործադիր կամ օրենսդիր իշխանությունների ուղղակի վերահսկողությանը։

Իրավապաշտպան կազմակերպությունները ևս նախկինում զգուշացրել են նման միջամտությունների ռիսկերի մասին։ Կրոնական ազատությունների հարցերով զբաղվող նորվեգական FORUM 18 կազմակերպությունը փետրվարին հրապարակած իր զեկույցում արձանագրել է, որ Հայաստանում պետության կողմից կրոնական կառույցների գործունեության վրա ազդեցության փորձերը կարող են վտանգել դավանանքի ազատությունը և խաթարել սահմանադրական հավասարակշռությունը։

ՔՊ-ի ծրագրում առաջարկվող մեխանիզմները՝ հատկապես եկեղեցու ղեկավարության փոփոխության ուղղությամբ, առաջացնում են նաև իրավական հարցեր՝ կապված այն բանի հետ, թե ինչ իրավական հիմքով կարող է պետությունը նախաձեռնություն ցուցաբերել մի կառույցում, որը սահմանադրորեն անկախ է։

Հիշեցնենք, որ իշխանության և եկեղեցու հարաբերությունները սրվել են վերջին տարիներին և հատկապես բաց հակամարտության փուլ են մտել 2025-ի մայիսից։ Սակայն լարվածության նախադրյալները ձևավորվել էին ավելի վաղ՝ դեռ 2018-ին իշխանափոխությունից հետո, երբ կաթողիկոսի հրաժարականի պահանջով շարժում ձևավորվեց, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց հրապարակային քննադատել եկեղեցու գործունեությունը։ Հետագա տարիներին կողմերի միջև պարբերաբար առաջացել են տարաձայնություններ՝ քաղաքական գործընթացներին եկեղեցու ներգրավվածության, կրթական և արտաքին քաղաքական հարցերի շուրջ, որոնք ի վերջո վերածվել են բաց դիմակայության ։

Հայաստանի իշխանության և եկեղեցու հարաբերությունները բաց հակամարտության փուլ են մտել 2025-ի մայիսից, երբ Գարեգին Բ կաթողիկոսը Շվեյցարիայում մասնակցեց արցախցիների վերաբերյալ միջազգային համաժողովի։ Հայաստանի կառավարությունը համարում է, որ Ղարաբաղի հարցը փակված է և «չի շարունակելու Ղարաբաղյան շարժումը»։

Հայաստանում պետություն - եկեղեցի լարվածության նախադրյալները ձևավորվել էին ավելի վաղ՝ դեռ 2018-ին իշխանափոխությունից հետո, երբ կաթողիկոսի հրաժարականի պահանջով շարժում ձևավորվեց, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց հրապարակային քննադատել եկեղեցու գործունեությունը։ Ավելի ուշ կողմերի միջև պարբերաբար եղան են տարաձայնություններ՝ քաղաքական գործընթացներին եկեղեցու ներգրավվածության, կրթական և արտաքին քաղաքական հարցերի շուրջ։ 2020-ի Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո եկեղեցին այն հաստատությունների թվում էր, որը պահանջեց վարչապետի հրաժարականը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում