Սամվել Կարապետյանը Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց է սկսել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց է սկսել։ Այս մասին Կարապետյանը հայտարարել է դատարանում։
«Ես Հայաստանի քաղաքացի եմ, ունեմ նաև Ռուսաստանի և Կիպրոսի անձնագիր։ Քանի որ վստահ ենք հաղթանակի մեջ, Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց ենք սկսել»,-դատարանում ասել է Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ որպես վարչապետի թեկնածու նախատեսում է առաջադրել գործարար Սամվել Կարապետյանին։
Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով՝ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու։
Սամվել Կարապետյանը կարող է և չլինել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համարը խորհրդարանական ընտրություններին, այլ դրանից հետո նրա թեկնածությունը կարող են առաջադրել վարչապետի պաշտոնին։ Կուսակցությունն ուզում է փոխել Սահմանադրության 148-րդ հոդվածը։
Սահմանադրության 202-րդ հոդվածի համաձայն՝ 148-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը։ Սա նշանակում է, որ մեկ քաղաքական ուժը, եթե չունի բացարձակ մեծամասնություն (2/3), չի կարող միայնակ իրականացնել այդ փոփոխությունը և ստիպված կլինի համագործակցել այլ խմբակցությունների հետ։
Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է, որ վարչապետի թեկնածուն պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Այդ պահանջներն ամրագրված են 48-րդ հոդվածում և սահմանում են, որ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Իրադարձություն
Կազմակերպություն











