Սաուդցի միլիարդատերը նեղացել է Forbes-ից

Սաուդցի միլիարդատեր արքայազն Ալ Ուալիդ բին Թալալը որոշել է դադարեցնել համագործակցությունը հեղինակավոր Forbes-ի հետ այն պատճառով, որ վերջինիս` ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշում իր անունը հայտնվել է 26-րդ տեղում:

Բին Թալալի կարծիքով՝ իր կարողությունը 20 մլրդ դոլար գնահատած Forbes-ի փորձագետները զգալիորեն նվազեցրել են իր իրական կապիտալը: Միլիարդատիրոջ խոսքով՝ վարկանիշը կազմելիս հաշվի չեն առնվել իրեն պատկանող ակտիվները, որոնք ցուցակվում են Սաուդյան Արաբիայի ֆոնդային բորսայում:

«Տեղեկանալով, որ Forbes-ը մտադիր չէ վերանայել մեր հոլդինգի արժեքի գնահատականը, մենք որոշեցինք դադարեցնել համագործակցությունը հանդեսի հետ»,- ասված է Kingdom Holding սաուդյան ներդրումային ընկերության հայտարարության մեջ:

Ալ Ուալիդ բին Թալալը՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդի զարմիկը, տնօրինում է Kingdom Holding-ի բաժնետմոսերի 95%-ը: Կորպորացիան ներառում է շքեղ հյուրանոցների համաշխարհային ցանց, որի սեփականատերերին պատկանում են նաև բաժնեմասեր Citigroup, News Corp և Apple ընկերություններում:

Մեկնաբանել