ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստել է 2012թ. տարեկան զեկույցը: Ըստ օրենքի` մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը պետք է ներկայացվի մինչև մարտի 31-ը: Ինչպես հաղորդում է ՄԻՊ կայքը, հանրությանը ներկայացվում են այդ զեկույցի առանձին հատվածներ, որոնք ներառում են կոնկրետ ոլորտներում առկա լրջագույն հիմնախնդիրները: ՄԻՊ-ն այսօր հրապարակել է զեկույցի` ոստիկանության ոլորտում մարդու իրավունքների վիճակի մասին հատվածը։
Ոստիկանության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
• Գրանցվել են մի շարք դեպքեր, երբ հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:
• Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին, իր կամքին հակառակ պահվել բաժնում` փաստացի զրկվելով ազատությունից:
• Ստացվել են բողոքներ, որ ոստիկանության բաժիններ բերման ենթարկված կամ ձերբակալված անձինք զրկվել են փաստաբան ունենալու իրավունքից:
• Առանձին դեպքերում ՀՀ ոստիկանության ծառայողների քննչական գործողությունների իրականացումը իրականացվել է անհարկի ձգձգումներով:
• ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործության մասին քաղաքացիների հաղորդումներին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգը չպահպանելու մի շարք դեպքեր են գրանցվել:
• 2012 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից անձանց խաղաղ հավաքներ անցկացնելու ընթացքում գրանցվել են վրան տեղադրելու խոչընդոտման դեպքեր, երբ մեկ վրանի տեղադրումը եղել է իրավաչափ:
• Չի ցուցաբերվել պատշաճ ուշադրություն ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանման դեպքերը կանխելու, դրանք բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
• Որոշ դեպքերում ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային ստորաբաժանումներում ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու ՀՀ օրենքով սահմանված ժամկետները տեխնիկական պատճառներով չեն պահպանվել:
• Ստացվել են բողոքներ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ:
• Առկա են խնդիրներ փախստականին տրվող Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի ճանաչման և կիրառման բնագավառում:
Արձանագրված դրական զարգացումները
• Էապես և նշանակալիորեն բարելավվել է խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության գործելաոճը:
• 2012 թվականի ընթացքում բազմաթիվ դեպքերում օրինախախտ ոստիկանության ծառայողները պատասխանատվության են ենթարկվել:
• ՀՀ ոստիկանապետի ցուցումի համաձայն վերացվել է ճանապարհային երթևեկության կա¬նոն¬նե¬րի խախտման համար նախատեսված տուգանքի՝ տեղում վճարելու պրակտիկան:
• Հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` տեսախցիկներ են տեղադրվել Երևան քաղաքի տարբեր խաչմերուկներում:
• Ձեռնարկվել են միջոցներ համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ամենօրյա գործունեության զարգացման ուղղությամբ:
• 2012 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում շահագործվել է կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը:
• Փախստականի կարգավիճակ ստացած անձանց տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերը միջազգայնորեն հաստատված չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ: