«Օգնի´ր եղբորդ»-ը ևս 4 մլն դրամ է փոխանցել «Քաշաթաղ» հիմնադրամին

«Օգնի´ր եղբորդ» նախաձեռնությունը երեկ` մարտի 5-ին, ևս 4 մլն դրամի փոխանցում է կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին` սիրիահայ ընտանիքների բնակարանաշինության աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով, ասված է «Օգնի´ր եղբորդ» նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրությունում:

ԼՂՀ Քաշաթաղի շրջանում հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական խնդիրը հոգալու նպատակով նախաձեռնությունն ավելի վաղ` 2012թ. հոկտեմբերին, 5 մլն դրամ էր փոխանցել «Քաշաթաղ» հիմնադրամին։

Նախաձեռնությունը շարունակում է օգնություն տրամադրել նաև Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Անցնող օրերին «Օգնի´ր եղբորդ» նախաձեռնությունը «Քրիստոնյա բժիշկների ասոցացիայի» հետ գործակցաբար,  պարենային (յուրաքանչյուրը 40 հազ. դրամ արժողությամբ) 500 ծանրոց է հատկացրել սիրիահայ ընտանիքներին, ինչպես նաև տաք հագուստ` Կիլիկյան վարժարանի սաներին և ուսուցիչներին: