Վերադարձ ակունքներին

Օրերս Հռոմի Scuderie del Quirinale ամենահեղինակավոր պատկերասրահում բացվել է իր գեղարվեստական մակարդակով բացառիկ ցուցահանդես, որը ներկայացնում է Վերածննդի դարաշրջանի մեծ գեղանկարիչ Տիցիան Վեչելիոյի 39 աշխատանք:

Ցուցահանդեսում հավաքված են «Աստվածային» անվանված մեծ վարպետի՝ իտալական բազմաթիվ քաղաքներից, ինչպես նաև Փարիզից, Լոնդոնից, Մադրիդից, Վիեննայից, Բեռլինից, Վաշինգտոնից, Բուդապեշտից բերված կտավները: Տասը սրահում տեղակայված ցուցադրությունը պատմում է նկարչի ստեղծագործական ուղու մասին՝ սեփական ոճի փնտրտուքներից մինչև այն ժամանակները, երբ նրա արվեստանոցը մեծ հռչակ էր վայելում ամբողջ Եվրոպայում:

Պատկերասրահի առաջին հարկում ցուցադրված են կրոնական և դիցաբանական թեմատիկայով կտավներ, երկրորդում՝ վարպետի հայտնի դիմանկարները, որոնց շարքում այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Լուվրի «Տղամարդը ձեռնոցով», Ուֆիցիի «Ֆլորան», Լոնդոնի «Խելամտության այլաբանությունը» և, իհարկե, նկարչի ինքնանկարը՝ մադրիդյան Պրադոյից:

«Տիցիանը» եզրափակում է խոշոր մշակութային նախագիծը, որը վերջին տարիներին իրականացրել է Scuderie del Quirinale-ն: Դրա նպատակն է հանրությանը հնարավորություն ընձեռել նորովի ընկալել գեղանկարչության վենետիկյան դպրոցի ստեղծագործություններն այնպիսի վարպետների միջոցով, ինչպիսիք են Անտոնելլո դա Մեսինան, Ջովաննի Բելինին, Լորենցո Լոտոն և Տինտորետոն:

«Տիցիանն անկասկած այն հսկաներից է, որոնք բարձր են պահում իտալական գեղանկարչության դրոշն ամբողջ աշխարհում: Այս առումով նա թերևս զիջում է միայն Ռաֆայելին: «Մենք բոլորս Տիցիանի միսն ու արյունն ենք»՝ ժամանակին ասել է Դելակրուան: «Եվ դա իսկապես այդպես է, քանի որ առանց Տիցիանի և նրա արվեստի Ռեմբրանդտը, Գոյան և նույնիսկ Ռենուարն ու Սեզանը տարբեր կլինեին», – ասել է Վատիկանի թանգարանների տնօրեն և Իտալիայի մշակույթի նախկին նախարար Անտոնիո Պաոլուչին:

«Տիցիան» ցուցահանդեսը կազմակերպվել է Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի բարձր հովանու ներքո: Ցուցադրությանը զուգահեռ կիրականացվեն կրթական մի շարք նախագծեր պատանիների համար: Այսպես՝ «Ես խաղում եմ արվեստի հետ. երանգ առ երանգ» ստեղծագործական լաբորատորիայի շրջանակում արվեստագետները 7-11 տարեկան երեխաներին կպատմեն, թե ինչպես Տիցիանը նուրբ երանգներից ստանում էր իր հայտնի գունային կառուցվածքը, որը թույլ էր տալիս փոխանցել մարդկային հոգեբանության նրբերանգները:

Հռոմի Scuderie del Quirinale-ում բացված «Տիցիան» ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 16-ը: