Գիլյոտինի նիստերին այսուհետ մասնակցելու են նաև դոնորները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի և Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները, ինչպես նաև կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակ, Հայաստանում իրականացվող կարգավորիչ գիլյոտին ծրագրի գլխավոր խորհրդատու Սքոթ Յակոբսը:

«Այսուհետ մեր նիստերին մասնակցելու են նաև մեր դոնոր գործընկերները: Մեր աշխատանքները պետք է դարձնենք առավել թափանցիկ և դոնորները՝ որպես շահագրգիռ կողմ, պետք է մշտապես ներգրավված լինեն այդ աշխատանքներին, որպեսզի հստակ պատկերացնեն, թե ինչ խնդիրներ ենք մենք լուծում և ինչպիսի քայլերով ենք առաջ գնում»,- ասել է Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ կարգավորիչ գիլյոտինը մեր երկրում առաջին հերթին կիրառվում է այն ոլորտներում, որոնք մեծապես կապված են փոքր և միջին բիզնեսի հետ:

Սքոթ Յակոբսն իր հերթին նշել է, որ գիլյոտինի կիրառումը ենթադրում է լուրջ բարեփոխումներ, որի նպատակն է բարելավել երկրի մակրոտնտեսական միջավայրը՝ բիզնես գործունեության և ներդրումների համար: Կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակն իր աջակցությունն է հայտնել հայաստանյան գործընկերներին՝ տարբեր բնագավառներում բարեփոխումները հիմնարար կերպով առաջ տանելու և դրանց նոր ուժ հաղորդելու համար:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից իրականացվող գիլյոտին ծրագրի ընթացքը և հետագա քայլերը:

Մեկնաբանել