Samsung-ը Sharp-ի 3%-ը կգնի $108 մլն-ով

Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung ընկերությունը հնարավոր է` գնի թվային էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Sharp կորպորացիայի բաժնետոմսերի մի մասը:

Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, ընկերությունները ներկայում բանակցում են Sharp-ի բաժնետոմսերի 3%-ը $108 մլն-ով գնելու ուղղությամբ: Գործարքի կայացման դեպքում Samsung-ը կդառնա Sharp-ի` մեծությամբ 5-րդ բաժնետերը:

Հատկանշական է, որ ճապոնական ընկերության ֆինանսական ցուցանիշները տարիներ շարունակ անկում են ապրում: Sharp-ը երկար ժամանակ է` սեփական բաժնետոմսերի վաճառքի շուրջ բանակցում է ամերիկյան մի շարք տեխնոլոգիական ընկերությունների հետ: Հնարավոր գնորդների թվում են Dell-ը, Intel-ը և Qualcomm-ը:

2012թ. 1-ին կիսամյակում Sharp-ի վնասները կազմել են 168,9 մլրդ յեն, սակայն անցած ֆինտարվա վերջին հրապարակված կանխատեսման համաձայն` ընկերության վնասը կազմել էր 450 մլրդ յեն: Sharp-ը ստիպված էր կադրային զանգվածային կրճատումներ անել և վաճառել օտարերկրյա իր ստորաբաժանումները:

Samsung-ի և Sharp-ի հնարավոր գործարքի մասին տեղեկատվության ֆոնին ճապոնական ընկերության բաժնետոմսերն արժևորվել են 13,4%-ով: