ՀԱԿ-ը պատրաստ է միանալ արտահերթ նիստի առաջարկին

ՀԱԿ խմբակցությունը պատրաստ է միանալ «Ժառանգության» և ՀՅԴ պատգամավորներին` արտահերթ նիստ հրավիրելու առաջարկին. հաղորդեց «Ա1+»-ը:

«Բայց այս պահին մենք որևէ առաջարկ, դիմում այդ հարցի վերաբերյալ չունենք»,- ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նրա կարծիքով՝ տեղին չէ համեմատություններ տանել Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան բանակցությունների և 2011թ. ՀԱԿ-իշխանություն երկխոսության միջև. «Այնտեղ կար ժողովուրդ, առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյան, որը իշխանափոխության կոնկրետ ծրագրով գնաց բանակցությունների` իշխանությունը, եթե տալիս եք, ապա ինչպես եք տալիս: Այսօր խնդրի դրվածքն այդքան հստակ չէ»,- հայտնել է նա։

Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վստահեցրել է, որ ԱԺ մեծամասնության հետ իրենց բանակցություններն ավարտված են։ «Նոնսենսն այստեղ այն է, որ իրենք հայտարարում են, որ նախաձեռնում են արտահերթ նիստ, իրենք չեն ներկայացնում որևէ նախագիծ օրակարգի, միաժամանակ մերժում են մեր ներկայացրած նախագիծը: Այսինքն` իրենք տապալում են իրենց իսկ կողմից հայտարարված նախաձեռնվելիք արտահերթ նիստը»,- ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Ժառանգություն»-ն արտահերթ նիստ հրավիրելու առաջարկի հետ մեկտեղ ներկայացրել է օրակարգ՝ 3 հարցով; Առաջին՝ մեկ տարվա ընթացքում անցում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում: Երկրորդ՝ պետական կառավարման համակարգում ընդդիմության վերահսկողական գործառույթների ավելացում և 3-րդ՝ 2 տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվեի միջոցով անցում խորհրդարանական կառավարման համակարգի:

«Օրինակ, մեր առջև նման պայման էին դնում այդ բանակցությունների ժամանակ` եթե մենք արտահերթ նիստում ինչ-որ հարց քննարկենք, Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է դադարեցնի պայքարը: Եթե մենք այստեղ պիտի արտահերթ նիստ հրավիրենք, չի նշանակում, որ այս ամբողջ քաղաքական շարժման վեկտորը տեղափոխում ենք ԱԺ: ԱԺ-ն կլինի դրա մասնիկներից մեկը և նպաստավոր պայմաններ կստեղծի Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման համար»,- ասել է նա:

Լուսանկարը՝ PanARMENIAN.net-ի

Մեկնաբանել