Ախալքալաքի քաղաքապետը որոշել է տեղափոխվել «Վրացական երազանք»

Ախալքալաքի գամգեբելին (քաղաքապետ) որոշել է դուրս գալ «Միացյալ Ազգային շարժում» կուսակցությունից և անդամագրվել «Վրացական երազանք»-ին. հաղորդում է akhaltskha.net-ը: Քաղաքապետ Նաիրի Իրիցյանը նշել է, որ եթե նոր ղեկավարությանը պետք է, ինքը Ջավախքի համար կկատարի շատ լավ գործեր: Նա այս որոշումը ընդունել է հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ տեսել է երկրի նոր ղեկավարության գործունեության արդյունքները:

Նաիրի Իրիցյանը 6 տարի է, ինչ աշխատում է որպես Ախալքալաքի քաղաքապետ, «Ազգային շարժմանը» միացել է միայն 2012 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ: Հիմա Նաիրի Իրիցյանը ցանկանում է միանալ ղեկավար կոալիցիային և աշխատել նրանց հետ:

Քաղաքապետի այս հայտարարությանն արձագանքել են «Վրացական երազանք»-ի Ախալքալաքի շրջանային կազմակերպության անդամները: Նրանք նշել են, որ գամգեբելիի այս որոշումը պայմանավորված է «Վրացական երազանք»-ի իշխանության գալով, և հիշեցնում, որ կոալիցիա տեղափոխվելու համար քաղաքապետը պետք է դիմում ներկայացնի ոչ թե կենտրոնական գրասենյակ, այլ Ախալքալաքի կազմակերպություն:

Մեկնաբանել