Մեր զիջումը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու առաջարկն է. Ս.Նիկոյան

Ընդդիմադիրները պնդում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայներն ավելին են, քան ԿԸՀ-ն հրապարակվել է, վիճարկում են արդյունքները, իսկ ինչո՞ւ իրենց վստահված անձինք չեն դիմել իրավապահներին. ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ընդդիմության հետ բանակցությունների նստելով՝ Սամվել Նիկոյանը, նկատի ունենալով, որ ընդդիմության պահանջներից մեկն էլ ԱԺ-ը լուծարելն էր, ասաց. «Որևէ մեկն ինձ կասի՞, թե ինչպես կարելի է Ազգային ժողովը լուծարել՝ Սահմանադրությունը խախտել ու Ազգային ժողովը լուծարե՞լ, հա՞: Ես խորհուրդ կտամ՝ այդ 500 հազար ձայները կոնսոլիդացնեն և գնան բարեփոխումների ճանապարհով: Իսկ մեր զիջումներից մեկը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու առաջարկն է, առայժմ դա»,- ասաց նա: Նիկոյանի դիտարկմամբ՝ խորհրդարանական ընտրություններից մինչև նախագահական Հայաստանի քաղաքացիների վստահությունը քաղաքական ուժերի նկատմամբ լուրջ փոփոխություն չի կրել: «Սերժ Սարգսյանն ավելացրել է իր քվեները 44 տոկոսից հասցնելով 58-ի, «Ժառանգություն»-ն էլ ստացել է ողջ ընդդիմության քվեն՝ 5 տոկոսից հասել է 37-ի»,- ասաց նա:

Մեր երկրում առկա խնդիրներն, ըստ Նիկոյանի, անկարելի է չտեսնել, և դրանք քիչ չեն, սակայն, նրա կարծիքով, Սերժ Սարգսյանն ունի վճռականություն՝ լուծելու այդ խնդիրները, «և ունի հինգ տարի դրա համար»: «Իշխանությունները հստակ գիտակցում են ձեր բարձրացրած հարցերը, և շատ ավելի լավ են գիտակցում, քան դրանք գրողները»,- ասաց Նիկոյանը:

Լուսանկարը՝ Mediamax-ի

Մեկնաբանել