Կառավարությունը 142 մլն դրամով կհատուցի անապահով ընտանիքների կոմունալ վճարումները

Պետբյուջեից կհատուցվեն անապահով ընտանիքների կոմունալ վճարումները: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված` ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթի հաշվին ապահովել ավելի քան 142 մլն դրամի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես ՀՀ-ի անապահով ընտանիքների կողմից 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում։ 

Վերահաստատելով, որ փոխհատուցումն ստանում են սոցիալապես առավել խոցելի ընտանիքները, և ցուցակներն էլ ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Տիգրան Սարգսյանը նշել է, որ  2013-2014 թթ. կառավարությունը պետք է էապես ավելացնի նպատակային օժանդակությունը սոցիալապես խոցելի ընտանիքներին։ Ընդ որում, անհրաժեշտ է, որպեսզի այդ օժանդակությունը հաշվառվի աղքատության ցուցանիշի մեջ։ 

ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանձնարարություն են ստացել Համաշխարհային բանկի հետ աշխատել մեթոդաբանության հետ կապված հարցերը պարզաբանելու համար։ «Մեր սոցիալական քաղաքականությունն այս տարիներին էապես փոխվում է,- հավելել է Տիգրան Սարգսյանը։ -Այսինքն` մենք ոչ թե ավելացնում ենք սոցիալական նպաստները, այլ գումար ենք հատկացնում, որպեսզի հնարավորություն ընձեռենք այդ մարդկանց կրթություն ստանալ, աշխատանք ստանալ, ինչպես նաև թիրախային օգնություն ենք ցույց տալիս, ասենք, սպառված գազի վճարը հատկացնելու։ Հիմա նոր ծրագիր ենք հաստատելու, որպեսզի կոմունալ վճարները սոցիալապես խոցելի ընտանիքներին բյուջեից հատուցենք։ Անհրաժեշտ է, որ մեթոդաբանության մեջ սա հաշվառվի, և սա էլ նպաստի մեր ճշգրիտ սոցիալական քաղաքականության իրականացմանը։ Պետք է հաշվի առնել նաև մեր սուբսիդավորման գումարները։ Գյուղատնտեսությունում մենք ունենք շուրջ 250 հազար ընտանիք, որոնք աղքատության շեմից ցածր են ապրում և նրանց էլ նպատակային օժանդակություն ենք ցույց տալիս։ Այս ամենն ուղղված է աղքատության հարցի լուծմանը»։